Պաղպաղակն ամենասիրված ամառային քաղցրավենիքն է, որը ոչ միայն համեղ է, այլև օգնում է զովանալ, սակայն շատերը խուսափում են պաղպաղակից՝ համարելով, որ այն վնասակար է առողջության համար: Այնուամենայնիվ, պաղպաղակի վնասակարության մասին պնդումները հաճախ պարզապես «միֆեր» են, իսկ երբեմն էլ այս մթերքը կարող է անգամ օգտակար լինել:
Մանկաբույժ Ալեքսեյ Բեսսմերտնիի խոսքով՝ պաղպաղակի միջոցով իսկապես կարելի է զովանալ ամռան տապին ու խուսափել գերտաքացումից, սակայն այս մթերքը չարաշահել խորհուրդ չի տրվում, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ շաքար:
Սննդաբաններն, այնուամենայնիվ, նշում են, որ մի բաժին պաղպաղակը բացասաբար չի անդրադառնա կազմվածքի վրա, սակայն այն հարկավոր է ուտել կեսօրին, այլ ոչ թե քնելուց առաջ: Անգամ խստորեն սննդակարգին հետևելու դեպքում շաբաթական 2-3 անգամ կարելի է պաղպաղակ ուտել՝ առանց կազմվածքի մասին անհանգստանալու: Ավելին՝ այս մթերքը կարող է անգամ շատ օգտակար լինել, քանի որ հարուստ է կալցիումով:
Միևնույն ժամանակ մասնագետները նախազգուշացնում են, որ պաղպաղակը պետք է բացառապես որակյալ լինի: Նրանց խոսքով՝ այս մթերքի վնասակարությունը չափազանցված է, իսկ հակացուցված է այն միայն կաթնային սպիտակուցի նկատմամբ ալերգիա ունեցողներին, գրում է tert.am:
Այս մթերքը բարձրացնում է տրամադրությունն ու նվազեցնում զարկերակային ճնշումը: Չի համապատասխանում իրականությանը նաև այն «միֆը», համաձայն որի՝ պաղպաղակի պատճառով կարելի է հիվանդանալ: Ավելին՝ փորձը ցույց է տվել, որ պաղպաղակը հիանալի միջոց է կոկորդի ցավը մեղմելու համար:
0Comments