Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ հունիսի 27-ին և 30-ին, տեղի կունենա բալետային ներկայացման պրեմիերա:
Հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի «Մարոն» պոեմի հիման վրա ներկայացումը բեմադրել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանը:
Նույն այդ օրերին լինելու է նաև Մեհրաբյանի` տարիներ առաջ բեմադրած «Լոռեցի Սաքոն» բալետային ներկայացումը, որն արդեն մոտ 10 անգամ խաղացել են:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ խորեոգրաֆը նշեց, որ ներկայացումը նվիրվելու է Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:
«Ես Թումանյանի ստեղծագործությունները շատ եմ սիրում, դրանք միշտ ակտուալ են, երբ էլ կարդաս: Նա հանճար է եղել ու մնում է հանճար: Որոշեցի գրողի 150-ամյակի կապակցությամբ նոր բալետային ներկայացում բեմադրել և ընտրեցի «Մարոն» պոեմը»,- ասաց Մեհրաբյանը: Բալետային ներկայացումը բաղկացած է մեկ գործողությունից, հնչող երաժշտությունները գրել են Ռոմեն Դավթյանը, Գրիգոր Եղիազարյանը և Էդուարդ Բաղդասարյանը, ռեժիսորն է Արամ Սուքիասյանը: «Եթե ամեն ինչ լավ լինի, և ես երրորդ ներկայացում էլ բեմադրեմ, ապա կրկին Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից մեկը կընտրեմ»,- ասաց խորեոգրաֆը:
0Comments