Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անցած գիշեր Իրանին ռազմական հարված հասցնելու որոշումը չեղարկելուց հետո, առաջարկել է բանակցել երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հետ:
Այս տեղեկությունը հայտնել են իրանցի պաշտոնյաները:
Նրանք Reuters գործակալությանը հայտնել են, որ Թեհրանն Օմանի միջոցով անցած գիշեր «մեսիջ» է ստացել Թրամփից այն մասին, որ ԱՄՆ նախագահը դեմ է պատերազմին ու ցանկանում է բանակցել:
«Մեզ պատասխան տալու համար նա կարճ ժամանակ է տվել, սակայն Իրանն անմիջապես պատասխանել է, որ այս հարցով որոշում պետք է կայացնի գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեին»,-անձի գաղտնիության պահպանման հիմունքով ասել է պաշտոնյաներից մեկը:
Մինչդեռ մյուս աղբյուրը հավելել է. «Մենք հստակ հասկացրինք, որ առաջնորդը դեմ է որևէ բանակցության, սակայն Թրամփի առաջարկը նրան կփոխանցվի: Մենք օմանցի պաշտոնյային նաև նախազգուշացրինք, որ Իրանի դեմ ցանկացած հարձակում տարածաշրջանային և միջազգային հետևանքներ կունենա»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի կողմից ամերիկյան 180 մլն դոլար արժողությամբ անօդաչու թռչող սարքի խոցմանն ի պատասխան երկրի զինված ուժերին նախնական թույլտվություն է տվել Թեհրանին հարվածելու վերաբերյալ, սակայն վերջին պահին հետ է կանգնել որոշումից:
Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ կործանիչներն ու նավերը կազմ-պատրաստ են եղել, սակայն Իրանի ուղղությամբ որևէ հրթիռ այդպես էլ չի արձակվել: Թրամփը վերջին պահին դեմ է գնացել պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջինա Հասփելի խորհրդին՝ որոշելով չհարվածել: Միևնույն ժամանակ չի բացառվում, որ այդ հարվածները կարող են իրականացվել ավելի ուշ:
Անցած գիշեր Թրամփը Սպիտակ տանը խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների և կոնգրեսական առաջնորդների հետ. քննարկվել են Իրանին համարժեք պատասխան տալու հավանական տարբերակները: Այդ հանդիպումից հետո ԱՄՆ ռազմական և դիվանագիտական ոլորտների պաշտոնյաները համոզված են եղել, որ Իրանի ուղղությամբ հրթիռակոծում է իրականացվելու:
Այսօր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված են Հորմուզի նեղուցի օդային տարածքում ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարքը խոցելու կադրերը:
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտնել է, որ կործանված անօդաչուի բեկորների մի մասը հանվել են Իրանի տարածքային ջրերից:
Պաշտոնյան մանրամասնել է, որ անօդաչուն օդ է բարձրացել Արաբական Միացյալ Էմիրություններում, ապա ներխուժել է Իրանի օդային տարածք, որտեղ էլ խոցվել է:
0Comments