Շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ «Առնետաորս» 18 + ներկայացման պրեմիերային

Վահանի և Ցողիկի կերպարները, ըստ սյուժեի, ներկայացնում են տղամարդու և կնոջ պատմություն, որոնք փորձում են սեր գտնել աղբանոցում՝ առնետների հետ միասին

Պատանի հանդիսատեսի թատրոնում երեկ համարձակ առաջնախաղ էր․ երիտասարդ դերասաներ  Ցողիկ Մարտիրոսյանն ու Վահան Միրաքյանը ներկայացան Պետեր Տուրրինիի «Առնետաորսը» պիեսի հիման վրա արված բեմադրությամբ, որը, ըստ ռեժիսոր Նարեկ Մանուչարյանի, էքսպերիմենտ է մեկ գործողությամբ:

Ներկայացումը 18+ տարիքային սահմանափակմամբ է, Պատանի հանդիսատեսի թատրոնի պատմության մեջ առաջին անգամ է նման բեմադրություն արվում: Tert.am Life-ը ներկա է եղել պրեմիերային ու ներկայացնում է հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերին:

Վահանի և Ցողիկի կերպարները, ըստ սյուժեի, ներկայացնում են տղամարդու և կնոջ պատմություն, որոնք փորձում են սեր գտնել աղբանոցում՝ առնետների հետ միասին: Պատահական չէ, որ կերպարներն անուններ չունեն: Նրանք փորձում են բացահայտել իրար տեսակները:

 

«Գաղափարը դերասան Վահան Միրաքյանինն է, Ես ավելի ուշ եմ միացել իրենց: Պիեսը կարդալուց հետո մի փոքր երկմտում էի՝ արժե՞ անդրադառնալ այս գործին, թե՝ ոչ։ Որոշ ժամանակ անց, երբ ավելի խորն ուսումնասիրեցի գործը, ճանաչեցի կերպարներին, այն միջավայրը, որտեղ հեղինակը տեսել է նրանց, հասկացա, որ այն շատ արդիական է։ Գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի թույլտվությամբ սկսեցինք աշխատանքները։ Սա էքսպերիմենտ է, քանի որ նախ թատրոնի պատմության մեջ առաջին 18+ ներկայացումն է»,- ասաց ռեժիսորը ու հավելեց, որ Ցողիկն ու Վահանը, չնայած իրենց զբաղվածությանը, ստանձնեցին արտահերթ աշխատանքի մեջ ներգրավվելու պատասխանատվությունը՝ հասկանալով, որ էքսպերիմենտի հիմնական նպատակը բոլոր աշխատանքները՝ բեմանկարչություն, երաժշտական ձևավորում և այլ գործեր ինքնուրույն անելն է:

Դերասան Վահան Միրաքյանն էլ նշեցց, որ ներկայացման հետ կապված ցանկացած հարց իրենք 3-ով են քննարկել: «Երեքս շնչել ենք մի քթով, նույն կետին ենք նայել,- փիլիսոփայորեն ասաց նա ու հավելեց,- Կան կերպարների տեսակներ, որ ցանկացած դերասան խաղալու ցանկություն ունեցել է: Այս տղամարդու կերպարը այդպիսին էր: Գործն ինքնին հետաքրքրություն առաջացնող է, ամեն բան սկսվում է բացահայտելուց և մաքրվելուց»:

Պատանի հանդիսատեսի թատրոնի անձնակազմը, ըստ ռեժիսորի, աջակցել է իրենց: «Մեր թատրոնի ամբողջ անձնակազմը միշտ քաջալերել է մեզ, փորձել դուրս հանել հիասթափության օղակից, քանի որ քաջ գիտակցել է, որ շատ բարդ ու միևնույն ժամանակ գեղեցիկ ստեղծագործական փուլում ենք։ Իմ առաջ խնդիր չեմ դրել դերասանի կամ դերասանուհու մերկությամբ հետաքրքրություն առաջացնել ներկայացման նկատմամբ։ Գործն ինքնին հետաքրքիր է, իսկ մերկությունը կամ համբույրը՝ արդարացված։ Ոչինչ ինքնանպատակ չէ ու ոչ էլ մարքեթինգային ինչ֊որ քայլ։ Իմ կարծիքով՝ շատ հետաքրքիր աշխատանք է ստացվել։ Որպես բեմադրիչ՝ սա իմ առաջին աշխատանքն է։ Այս տարի ընդունվելու եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, ու սա ինձ համար մեծագույն փորձ էր։ Ցողիկն ու Վահանը վստահել են ինձ, աջակցել, օգնել, որի համար շատ շնորհակալ եմ»,- ասաց Նարեկն ու նկատեց, որ դերասանների հետ կապված որևէ խնդիր չի առաջացել, քանի որ նրան պրոֆեսիոնալ են։