Հեղափոխության օրերին ու դրանից հետո ՄԻՊ գրասենյակում բողոքներն ավելացել են

Ներգրավված լինելով երկրի ողջ իրավական համակարգում՝ մենք ակտիվ մասնակցություն ենք ունեցել բոլոր գործընթացներին. Արման Թաթոյան

2018թ–ին մարդու իրավունքների պաշտպանին ուղղված անհատական բողոքների թիվը կրկնակի ավելացել է` կազմելով 11 000։ Այսօր ԱԺ–ում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` գործունեության տարեկան զեկույցը ներկայացնելիս։

«2018-ի հուլիսի բողոքների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 10 անգամ շատ է եղել: Նախորդ տարիների թվական պատկերը վկայում է, որ 5 անգամ աճել է դրական ելքով անհատական բողոքների թիվը»,-ասաց Թաթոյանը:

Կրկնակի ավելացել են նաև պաշտպանի աշխատակազմի այցերը ազատազրկման վայրեր, քրեակատարողական հիմնարկներ ու ոստիկանության բաժիններ։

Այդուհանդերձ, Թաթոյանը նշեց, որ 2018 թվականը ՄԻՊ գրասենյակի համար չափազանց բարդ էր։

«Ներգրավված լինելով երկրի ողջ իրավական համակարգում՝ մենք ակտիվ մասնակցություն ենք ունեցել բոլոր գործընթացներին»,- ասաց Թաթոյանը: