Ամեն օր էլ ճանապարհը փակելու ենք, եթե այդ հարցը չլուծվի

Այսօր առավոտից Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածում շինարարական ընկերությունները փակել էին ճանապարհը եւ բողոքի ակցիա էին իրականացնում

19 կազմակերպության գումարը կազմում է 2 միլիարդ 200 միլիոն դրամ: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց «Ժակշին» ՍՊԸ ընկերության տնօրեն Գուրգեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հյուսիս-հարավ ճանապարհահատվածի շինարարությունն իրականացնող ընկերությունների 2018 թվականի սեպտեմբերից չվճարված գումարներին:

«2017 թվականից աշխատել եմ եւ համագործակցել եմ մի քանի ընկերությունների հետ, բայց նման միջադեպ դեռեւս չէր եղել, որ 10 ամիս գումարները ուշացնեն: Բազմաթիվ նամակներ ենք ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պարոն Ավինյանին, տրանսպորտի նախարարին, բայց ոչ մի արձագանք չի եղել»,- ասաց տնօրենը:

Հյուսիս–հարավ ճանապարհաշինության աշխատակից Ռադիկ Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե հարցը չլուծվի, ամեն օր էլ ճանապարհ կփակեն.

«Սաղ ընտանիքներն էլ հիվանդ ունեն, երեխա ունեն, սաղ վարկի տակ են: Թող ժողովուրդն էլ իմանա, որ իրանց հետ հիվանդ չբերեն ու չտանեն, ամեն պահի կարող է փակենք: Անցած տարվա հուլիս ամսից մինչեւ էսօր մեր փողերը էսօր-վաղն են անում: Ամեն օր էլ փակելու ենք, եթե այդ հարցը չլուծվի: Եթե չէ, ուրեմն գնա՞նք մարդասպանության, գողությո՞ւն անենք, որ մեր տները պահենք»:

Նշենք, որ արդեն մի քանի ժամ է, որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի բողոքի ակցիան ավարտվել է: Ցուցարարները բացեցին ճանապարհը՝ այն պայմանով, որ վաղը հարցին հստակ լուծում է տրվելու: Վաղը բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպելու են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի եւ Տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանի հետ:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածում շինարարական ընկերությունները փակել էին ճանապարհը եւ բողոքի ակցիա էին իրականացնում:

Այդ ճանապարհահատվածի շինարարությունն իրականացնող ընկերությունները պահանջում էին վճարել կատարած աշխատանքի համար 2018 թվականի սեպտեմբերից չվճարված գումարները:

Բողոքի ցույցին մասնակցում էին շինարարական 19 ընկերություններ, որոնք իրականացրել են Տրանշ 2 (Աշտարակ – Թալին) ճանապարհահատվածի շինարարությունը: