«Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Բաղրամյան պողոտայում, նրանք պահանջում են հանդիպում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպում: Այս պահին երկկողմանի փակ է Բաղրամյան պողոտան, երթեւեկությունը դադարեցված է: Ցույցի հարյուրավոր մասնակիցներ բողոքում են մայիսի 23-ի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` բուքմեյքերական գրասենյակների գործունեության վերաբերյալ հավանության տված որոշմանը:
Նշենք, որ քիչ առաջ «Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ աշխատակիցները Հայաստանի ԱԺ դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` բուքմեյքերական գրասենյակների գործունեության վերաբերյալ ընդունած որոշմանը: Այնուհետեւ ԱԺ-ից ցուցարարները շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա:
Ակցիայի մասնակիցները նշում են, որ բուքմեյքերական գրասենյակները փակելով նպաստում են, որ օնլայն տիրույթում գործող ընկերությունների համար մենաշնորհ հաստատվի: Նրանց ձեռքին կան պաստառներ. «Օնլայն մոլախաղերը պետությանը հարկ չեն վճարում», «Ոչ մենաշնորհին»:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծին, որը մշակվել է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում։ Նախագծով առաջարկվում է Երեւան քաղաքից հեռացնել բոլոր բուքմեյքերական գրասենյակները։ Նախագիծն ընդունելու պարագայում այն ուժի մեջ կմտնի 2020 թ․-ի նոյեմբերից:
Նախագծի համահեղինակներն են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն), ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և պատգամավոր Սիփան Փաշինյանը («Իմ քայլը խմբակցություն»)։ Հեղինակների կարծիքով` օրինագծում փոփոխությունների ընդունումը կարևոր քայլ է խաղամոլության դեմ պայքարի գործում։
0Comments