Իրանը Պարսից ծոցի երկրներին առաջարկել է չհարձակման պակտ ստորագրել

Նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ուղարկվելիք 1500 հոգանոց զորքը առավելապես պաշտպանական դեր է ունենալու Իրանի ներկայացրած սպառնալիքի ֆոնին

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակի ֆոնին Պարսից ծոցի երկրներին առաջարկել է չհարձակման մասին պակտ ստորագրել, հայտնում է ria.ru-ն:

Զարիֆն այս մասին ասել է Բաղդադում Իրաքի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ:

Բացի այդ նա ընդգծել է, որ Թեհրանը ցանկանում է Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունները լավագույն վիճակում տեսնել և ողջունում է տարածաշրջանային լարվածության նվազմանն ուղղված ցանկացած առաջարկ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Միացյալ Նահանգները պատրաստվում է մոտակա շաբաթներին հավելյալ զորք և տասնյակ կործանիչներ տեղակայել Մերձավոր Արևելքում, ինչը, Պենտագոնի փոխանցմամբ, պայմանավորված է վերջին շրջանում Իրանի հետ լարվածության սրացմամբ: Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունից ընդգծել են, որ Իրանը մտադիր է ԱՄՆ-ի և տարածաշրջանում ամերիկյան շահերի դեմ հարձակում գործել:

Նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ուղարկվելիք 1500 հոգանոց զորքը առավելապես պաշտպանական դեր է ունենալու Իրանի ներկայացրած սպառնալիքի ֆոնին:

Պարբերականը նկատում է, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում Իրանի հետ հարաբերություններում լարվածությունը զգալի աճել է: Դրա ֆոնին ԱՄՆ-ն ավիակիր և տասնյակ ռմբակոծիչներ է ուղարկել Պարսից ծոց:

Ստեղծված իրավիճակն անհանգստացրել է Կոնգրեսի անդամներին, որոնք մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ն շարժվում է դեպի Իրանի հետ բացահայտ առճակատում:

«Իրականում ես կարծում եմ, որ Իրանը չի ցանկանում պատերազմել և այլ էլ մեզ հետ»,-ասել է Թրամփը: