Այն, ինչ տեղի ունեցավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրության օրը, թավշյա հեղափոխության բումերանգն էր: Ռեկտորի ընտրության արդյունքից դժգոհ մի խումբ ուսանողներ, ընտրությունից հետո տևական ժամանակ փակել էին ինստիտուի դռները և թույլ չէին տալիս շենքում գտնվող կառավարման խորհիդի անդամներին և լրագրողներին դուրս գալ: Պատանդի կարվաիճակում էր հայտնվել կառավարման ողջ խորհուրդը` խորհրդի նախագահ Կարինե Խոդիկյանը, անդամներ` ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը, արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը, Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, ԿԳ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Նարիրի Հարությունյանը և այլոք: Ընտրության ընթացքում օրենքի խախտում տեղի չէր ունեցել, Լիլիթ Արզումանյանն ընտրվել էր օրենքի տառին համապատասխան` ձայների մեծամասնությամբ, սակայն ուսանողները պնդում էին, որ փաստացի մրցույթ չի եղել, քանի որ չի եղել այլընտրանք: Լիլիթ Արզումանյանն էլ հայտարարել էր, որ ուսանողների բողոքը կազմակերպված է Երևանի նախկին փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի կողմից, որն ուզում է բուհի ռեկտոր դառնալ:
Սուքիասյանը հայտնել էր, որ չի հասցրել դիմել մրցույթին, քանի որ դոցենտի կոչում չուներ և օրերս է այն ստացել։ Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած մյուս երկու թեկնածուները` բուհի ռեկտորի՝ ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով տեղակալ Արմեն Հարությունյանը և թատերագետ Վասիլի Գևորգյանը, չունեին ռեկտոր ընտրվելու համար պահանջվող կոչում (ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ), ուստի նրանց թեկնածությունը չէր քննարկվել:Ուսանողների պահանջը մեկն էր. ռեկտորի միակ թեկնածու և մրցույթում հաղթող ճանաչված Լիլիթ Արզումանյանը պետք է հրաժարական տա, որպեսզի նոր մրցույթ արվի, որին նաև այլ թեկնածու կմասնակցի: Նրանք պահանջել են հանդիպում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, վերջինս խոստացել է նրանց ընդունել:
Պետք է խոստովանել, որ պատանդառված խորհրդի անդամները, որոնց մեջ նաև պատկառելի մտավորականներ կան, իսկապես շատ վատ վիճակում էին: Նրանք հայտնվել էին ուսանողական ամբոխի ճնշման թիրախում: Նրանց, ըստ էության պարտադրվում էր հրաժարվել իրենց կայացրած որոշումից, այն դեպքում, երբ խորհրդի անդամի իրավունքն է` ինքնուրույն որոշել` ում ընտրել ռեկտոր:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորհրդի կազմում ընդգրկված մտավորականները, հիմնականում, հեղափոխությանը հարող և Փաշինյանի քայլերը ողջունող մարդիկ են: Անցյալ տարի, երբ ԵՊՀ ռեստարտ ուսանողական շարժման ակտիվիստները փակել էին մայր բուհի արդեն նախկին ռեկտոր, ակադեմիայի թղթակից անդամ Արամ Սիմոնյանի կաբինետի դուռը և պահանջում էին նրա հրաժարականը, այս մտավորականներից որևէ մեկը չհայտարարեց, որ տեղի է ունենում անթույլատրելի խայտառակություն: Այն ժամանակ ոչ ոք չէր ուզում հեղափոխական ջահելներին կարգի հրավիրել և ասել` թույլ տվեք ռեկտորը մտնի աշխատասենյակ: Հակառակը, հեղափոխական իշխանավորներին հաճոյանալու համար, որոշներն անգամ անթաքույց հրճվանքով հայտարարում էին, թե Արամ Սիմոնյանը պետք է սուս ու փուս հեռանա:
Հիմա, երբ ուսանողները մուտքի և ելքի դռները փակել են իրենց դիմաց` մարդիկ վիրավորվել են ևգտնում են, որ նման վարքագիծն անթույլատրելի է ակադեմիական միջավայրում: Ռուբեն Բաբայանը վիրավորանքից անգամ հրաժարական տվեց ամբիոնի վարիչի պաշտոնից: Ժողովրդական խոսքն ասում է` քամի ցանողը փոթորիկ է հնձում: Այնպես որ` ճաշակեք պարոնայք: Եվ հանկարծ չասեք, թե ՀՀԿ-ական ուսխորհուրդը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դավեր է նյութում` ՀՀԿ-ական դասախոսի` նախկին փոխքաղաքապետի գլխավրությամբ: Եթե անգամ կա նման բան, իմացեք, որ ցանկացած ուսանող ունի ձայնի իրավունք, ինչպես նաև ձեր դեմ ձեր իսկ մեթոդներով պայքարելու խելամտություն: Ի միջի այլոց, եթե բուհերում դեռ կան ՀՀԿ-ական ուսխորհուրդներ, կնշանակի` բոլոր ուսանողները չէ, որ մոլի հեղափոխական են: Իսկ իրականում տեղի ունեցածը խայտառակություն է, որի դեմը պետք է օր առաջ առնել և թույլ չտալ, որ փողոցային բարքերը, ակադեմիական նորմ դառնալու հավակնությամբ` մտնեն բուհեր, գրում է hayeli.am:
0Comments