Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ երեկոյան ես, բազմաթիվ այլ հեռուստադիտողների հետ միասին, մեծ հետաքրքրությամբ հետևում էի Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքին ուղիղ եթերում։ Դատավարությունը նոր է սկսվում, սակայն արդեն ակնհայտ է, որ այն մեր պատմության մեջ աննախադեպ է, և առաջիկա ամիսներին լարվածության մեջ է պահելու մեր ողջ հասարակաությանը։ Այդ իմաստով, երեկվա օրը, Արցախի նախկին և ներկա նախագահների այցելությունը և միջնորդությունը, Ռոբերտ Քոչարյանի և դատախազների ելույթները արդեն երեկ հսկայական ինտրիգ ստեղծեցին՝ ցույց տալով, թե որքան բարձր են խաղադրույքները բոլոր կողմերի համար, և որքան բազմաբարդ է այն խնդիրը, որը քննարկվում է առաջին ատյանի այս դատարանում, որն ավելի շատ նախատեսված է շարքային գողեր և խուլիգաններ դատելու համար։
Լսելով կողմերի ելույթները, ես փորձում էի հասկանալ, թե, ի վերջո, որն է լինելու պետական մեղադրանքի հիմնական մեխը, և ինչ մարտավարություն է ընտրելու պաշտպանվող կողմը առաջիկա ամսիներին։
Այս իմաստով, պաշտպանվող կողմի մարտավարությունը իմ համար բավական հասկանալի է, և զարմանք չի առաջացնում՝ հիմնավորել սեփական գործողությունները երկրում ստեղծված քաղաքական իրավիճակով, և փորձել այն ներկայացնել որպես դրանից բխող նվազագույն անհրաժեշտություն (այլ հարց է, թե որքանով էր դա այդպես)։ Այն շարունակելու է պնդել այդ վերսիայի վրա, իսկ դատավարության ընթացքում ի հայտ եկող փաստերը ցույց կտան՝ որքանով է դա համապատասխանում իրականությանը, և կամ ընդհակառակը՝ որքանով է այն ժամանակվա իշխանությունը իր գործողություններով սրել իրավիճակը, որը ի վերջո հանգեցրել է արյունահեղության։
Ինձ համար շատ ավելի զարմանալի էր պետական մեղադրողների (դատախազների) կողմից առաջ քաշված մի քանի դրույթներ, մասնավորապես՝
ա) ներկայացնել մարտի 1-ի և դրանց նախորդած իրադարձույթունները որպես բախում նախագահ Քոչարյանին անմիջականորեն ենթարկվող ուժային կառույցների և խաղաղ ցուցարարների միջև, այն դեպքում, երբ ակնհայտ է, որ դա բախման միայն արտաքին կողմն էր, իրական բախումը տեղի էր ունենում մի կողմից Ռոբերտ Քոչարյանի և նրան հարող քաղաքական ուժերի, մյուս կողմից Լևոն Տեր-Պետրոսյանի և նրան հարող քաղաքական ուժերի միջև, դրանում ներգրավված էր Հայաստանի գործող քաղաքական ուժերի գերակշիռ մասը, իսկ ուժային կառույցները և ցուցարարները նրանց կողմից համապատասխանաբար օգտագործվել են ընդամենը որպես գրոհային ռեսուրս, և արդյունքում կրել են հիմնական կորուստները։
Եթե պետական մեղադրանքը փորձում է վեր հանել ամբողջ ճշմարտությունը, այն չպետք է ի սկզբանե հենվի իրավիճակի այսպիսի սուբյեկտիվ գնահատականի վրա, այլ ելնի այդ ողբերգական իրդարձությունների ողջ համայնապատկերից, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի 2007 թ․ անակընկալ քաղաքական վերադարձից։ Ի վերջո, դատավարության ընթացքում այդ բոլոր դրվագները ի հայտ կգան, և ակնհայտ կդառնա, որ դատավարության մեջ պետք է ներառել այդ ողբերգության բոլոր հիմնական գործող անձանց, դա ընդամենը ժամանակի հարց է։
բ) ներկայացնել Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա կողմնակիցների գործողությունները որպես զուտ խաղաղ ակցիա։ Իրականում Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թ. փետրվարին որևէ փաստական հիմք չուներ պնդելու, որ այդ ընտրություններում ինքը հաղթել է (բացի Սերժ Սարգսյանից, ընտրություններում մասնակցած առնվազն երկու թեկնածու՝ Արթուր Բաղդասարյանը և Վահան Հովհաննիսյանը, ևս զգալի ձայներ էին հավաքել, ուստի դա նույնիսկ մաթեմատիկորեն քիչ հավանական էր), սակայն անընդհատ հրապարակում այդ պնդումն էր անում, և պահանջում էր անվերապահ իշխանությունը իրեն հանձնել։
Տեր-Պետրոսյանը արդեն մեկ անգամ, 1996 թ, ուժով բռնազավթել էր իշխանությունը, և սա նրա երկրորդ փորձն էր՝ նորից ուժով (այս անգամ փողոցում իր համակիրների) վերադառնալ իշխանության, և այս դատավարության ընթացքում նրա գործողությունները ևս պետք է համարժեք գնահատական ստանան։
գ) ներկայացնել ցուցարարների կողմից մարտի 1-ին իրականացված բռնությունը որպես համարժեք պատասխան՝ Ազատության հրապարակի ճամբարի ցրմանը իրավապահների կողմից։ Եթե նույնիսկ իրավապահների գործողությունը ժամանակավրեպ էր և ոչ բավարար հիմնավորված, այս գաղափարը դատախազների կողմից անարխիայի անմիջական խրախուսման է համարժեք, քանի որ հավասար նժարների վրա է դնում պետության իրավապահ մարմիններին, որոնք բոլոր դեպքերում իրենց գործողությունը իրականացնում են օրենքի շրջանակներում և պատասխանատու են դրանց համար, և պատահական անձանց, որոնք օգտվելով ընդհանուր խառնաշփոթից, կարող են բացարձակ հանցագործ նկրտումներով խախտել հասարակական կարգը, և տանել այն արյունահեղության, ինչպես և տեղի ունեցավ մարտի 1-ին։
Ես ենթադրում եմ, որ պետական մեղադրանքի այս կարճատեսությունը և իրականության խեղաթյուրումները ընթացիկ քաղաքական կոնյունկտուրայի հետևանք են, սակայն չեն կարող դիմանալ ժամանակի քննությանը։ Այս դատավարության ընթացքը ի վերջո վեր կհանի բոլոր փաստերը, և հասարակությունը հնարավորություն կունենա վերականգնել 2008 թ ողբերգական իրադարձությունների ամբողջ համայնապատկերը, և արդարացիորեն բաշխել յուրաքանչյուր դերակատարի մեղքի բաժինը։
Եթե մենք ցանկանում ենք մեր պատմության այդ ողբերգական էջը շրջել, ի վերջո մենք պետք է իմանանք նրա մասին ամբողջ ճշմարտությունը, պետք է լինի երկուստեք քավություն և ապաշխարհանք, օրենսդրական փոփոխություններ՝ բացառելու այսպիսի վիճակների առաջացումը ապագայում, աջակցություն բոլոր անմեղ տուժածներին և նրանց ընտանիքներին, և հանրային հաշտեցում։
Այլապես, մենք կմնանք այս իրադարձությունների պատանդը, քաղաքական գործիչների ամեն հերթական սերունդ կարող է վերաբացել այս դատավարությունը, ելնելով այդ պահի քաղաքական կոնյունկուրայից, և մենք դեռ երկար մեր վրա կկրենք փոխադարձ ատելության խարանը»։
0Comments