Հայերն արդեն իրենց եվրոպացիներ են զգում, բուռն քննարկում են հանդուրժողականության ու տրանսգենդերության խնդիրները, սակայն երկրում կենսամակարդակը շարունակում է չափազանց ցածր մնալ, գրում է gazeta.ru-ի թղթակից Ռուստեմ Ֆալյախովը: Հայաստանում միջին աշխատավարձը $300-400 է, կենսաթոշակը՝ $85: Սակայն սա չի խանգարում Հայաստանի բնակչությանը հավատալ լավ ապագային:
Հոդվածագիրն անդրադարձել է վերջերս Ազգային ժողովում մարդու իրավունքների թեմայով հրավիրված լսումների ժամանակ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին, որը ղեկավարում է «Իրավունքի կողմ, իրավապաշտպան» հասարակական կազմակերպությունը: Սա մեծ աղմուկ էր բարձրացրել երկրում:
«Կարդում ես Հայաստանի մասին նորությունները, տպավորություն է ստեղծվում, թե այն Եվրամիության անդամ է կամ ԱՄՆ 51-րդ նահանգն է հանդիսանում: Մի խոսքով՝ նման մի վայր, որտեղ տրանսգենդերների, ԼԳԲՏ համայնքի, հանդուրժողականության թեման ամենաքննարկվողն է: Սակայն ո՛չ հետխորհրդային տարածքում, որտեղ ամենառեզոնանսային թեմաները աշխատավարձերն են, թոշակները, կոմունալ ծառայությունները, քրեական «ռազբորկաները»»,- գրում է հոդվածագիրը:
Հայաստանը փորձում է ոտքի կանգնել
Հայաստանում կենսամակարդակն այնպիսին է, որ թվում է՝ հանդուրժողականության ժամանակը չէ: Բնակչությունը կիսաքաղցած է ապրում: Երկրի նոր իշխանությունները խոստացել են կտրուկ իջեցնել հարկերը և գոնե փոքր-ինչ բարձրացնել աշխատավարձերը:
«Մենք կխրախուսենք մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք ոտքի կանգնեն, ուղղեն մեջքները, հավատան իրենց ուժերին, այլ ոչ թե համակերպվեն իրենց աղքատության ու անհուսալի դրության հետ»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դեռ Փաշինյանն ունի բնակչության վստահությունը: Սակայն ընդդիմությունն արդեն հայտարարում է, որ «հեղափոխական են միայն կառավարության նոր ղեկավարի ելույթները, այլ ոչ արդյունքները»:
Թվերը շարունակում են աճել
Միևնույն ժամանակ Հայաստանի տնտեսությունը կարծես թե աճում է: Արժույթի միջազգային հիմնադրամը վերջերս բարձրացրել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2019 թվականի համար 3,5%-ից 4,8%-ի: Սակայն գնաճը շարունակվում է, այն կավելանա, ըստ կանխատեսումների, 3%-ից 4,4%:
Հաշվի առնելով աշխատավարձերի ու թոշակների չափը՝ այդ գումարով ապրել հնարավոր չէ: Փրկում է միայն այն, որ Հայաստանում ընտանիքները մեծ են, և հարազատներն օգնում են միմյանց, հատկապես՝ արտասահմանում աշխատող հարազատները:
Աշխարհից կտրված
Նույնիսկ պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանի բնակչության մեկ երրորդը՝ մեկ մլն մարդ, գտնվում է աղքատության շեմին: Այնպես որ երկիրն այժմ ապրում է առավելապես հույսերով: Տնտեսական թռիչք իրականացնելը նրան բարդ կտրվի:
Հոդվածագիրը նշում է, որ Հայաստանը կտրված է աշխարհից՝ իր աշխարհագրական դիրքը հաշվի առնելով: Այն սահմանակցում է 4 պետության հետ, որոնցից միայն երկուսի հետ սահմանն է բաց՝ Վրաստանի ու Իրանի: Իսկ հիմնական առևտրային գործընկերն էլ Ռուսաստանն է:
Իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունից ու ՌԴ-ի հետ մտերմությունից լիարժեք օգուտներ քաղելը, ինչպես դա անում են Բելառուսն ու Ղազախստանը, Հայաստանի մոտ դժվար է ստացվում:
0Comments