Առաջարկվում է Հայաստանում ԱԱՀ-ից ազատել ցեղական անասնաբուծական տնտեսությունները

Պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ԱԺ նիստում շեշտեց, որ իրենց հաշվարկով՝ Հայաստանը պետք է դառնա մաքուր սննդամթերքի արտադրությամբ զբաղվող երկիր

Առաջարկվում է ԱԱՀ-ից ազատել ցեղական անասնաբուծական տնտեսությունները, որոնք Հայաստանի տարածք են ներմուծում կամ բուծում են ցեղական անասուններ: Մայիսի 7-ին ԱԺ նիստին Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Կարապետյանը շեշտեց, որ իրենց հաշվարկներով՝ անցյալ տարի Հայաստանից վաճառվել է մոտ 100 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Ներմուծվել է մոտ 800:

Պատգամավորը նաեւ հայտնեց, որ իրենք Կառավարությունից ԱԱՀ-ից ազատելու առաջարկ են ստացել, բայց միայն մասնավոր անձանց ցեղական անասուն վաճառելու դեպքում: Ընդ որում՝ պատգամավորը շեշտեց, որ իրենց հաշվարկով՝ Հայաստանը պետք է դառնա մաքուր սննդամթերքի արտադրությամբ զբաղվող երկիր: