Կոշտ հակածխախոտային օրենքները ոչ միայն կօգնեն պահպանել բնակչության առողջությունը եւ կազդեն մարդկանց կյանքի միջին տեւողության ավելացման վրա, այլեւ օգտակար կլինեն նաեւ տնտեսության համար։ Այս մասին, պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին, ասել է ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը։
Նրա խոսքով՝ այսօր դեռեւս կարելի է կարծիք լսել, թե ծխելու արգելքը փակ շինություններում կարող է վնաս հասցնել բիզնեսին։ Իրականում այդպես չէ. ինչպես ցույց է տվել այն երկրների փորձը, որտեղ նման արգելքները վաղուց արդեն գործում են, եթե ռեստորանում արգելում են ծխել, այցելուների թիվը չի նվազում, այլ, ընդհակառակը, ավելանում է, չէ՞ որ մարդիկ ավելի հաճույքով են գնում այնտեղ, եւ կարող են իրենց հետ վերցնել երեխաներին ու ընտանիքի մյուս անդամներին։
«Մենք լիովին աջակցում ենք կոշտ հակածխախոտային օրենքներին աշխարհի բոլոր երկրներում, եւ ապացույցները բավական միանշանակ են. բոլոր երկրներում, որտեղ ընդունվել են նման օրենքներ, արդյունքներն ավելի քան դրական են»,- ասել է Շոմբի Շարփը։
Հիշեցնենք, որ ոչվարակիչ հիվանդությունները, համաձայն ոչվարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ հսկողության ոլորտում ներդրումները հիմնավորող փաստարկների մասին զեկույցի, ավելի լուրջ բեռ են ներկայացնում երկրի տնտեսության համար, քան կարող է թվալ առաջին հայացքից. սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի, դիաբետի եւ թոքերի օբստրուկտիվ քրոնիկական հիվանդության պատճառով Հայաստանն ամեն տարի կորցնում է ՀՆԱ մոտ 6,5 տոկոսը։
Դեպքերի մեծ մասում թվարկված հիվանդությունները զարգանում են անառողջ կենսակերպի՝ ծխելու, ալկոհոլային խմիչքների չարաշահման, ոչ ճիշտ սնվելու եւ հիպոդինամիայի պատճառով։ Ոչվարակիչ հիվանդություններն այսօր մահացության 80 տոկոսի պատճառն են զարգացած եւ զարգացող երկրներում, եւ դեպքերի մեծ մասում այդ հիվանդությունները կարելի է կանխել՝ պարզապես փոխարինելով կենսակերպն ավելի առողջով։
Հիշեցնենք, նաեւ, որ Հայաստանում քննարկվում է նոր օրինագիծ, որով արգելվելու է ծխելը բոլոր փակ հանրային շինություններում։ Հանրային վայրերում ծխելու համար տուգանքը կարող է կազմել 50 000 դրամ (100 դոլարից մի փոքր ավելի)։ Նոր օրենքով նախատեսվում է նաեւ ավելացնել ծխախոտի գովազդի տուգանքը։ Եթե առաջ այդ տուգանքը կազմում էր 500 000 դրամ (միլիոն՝ կրկնակի խախտման դեպքում), ապա հիմա այն կազմելու է 800 000 դրամ, իսկ երկրորդ խախտման գումարը, ամենայն հավանականությամբ, կկրկնապատկվի։ Արգելքները նախատեսվում է տարածել ծխախոտի բոլոր տեսակների վրա, այդ թվում եւ էլեկտրոնային սիգարետների։
0Comments