Ահազանգեր ենք ստանում, որ աշխատաշուկայում տեղի են ունենում խտրականության տարբեր դրսևորումներ. վարչապետ

Մեր Սահմանադրության մեջ խտրականությունն արգելող շատ հստակ հոդված կա

Կառավարությունը չընդունեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության նախագիծը,որով առաջարկվում է ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը լրացնել նոր պարբերությամբ, որով կսահմանվի դրույթ այն մասին, որ աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ օրինական արգելք կամ պատճառ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար, բացառությամբ այլ օրենքներով կարգավորվող դեպքերի: Փոփոխությունը նախատեսված է խտրականությունը բացառելու համար:

«Մեր Սահմանադրության մեջ խտրականությունն արգելող շատ հստակ հոդված կա:Մյուս կողմից ահազանգեր ենք ստանում, որ աշխատաշուկայում տեղի են ունենում խտրականության տարբեր դրսևորումներ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր հերթին ընդգծեց, որ Աշխատանքային օրենսգիրքը պետք է ունենա խտրականության երաշխավորված արգելքն ապահովելու սկզբունք: