Միացյալ Նահանգները պետք է հետաքննի երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գործողությունները, որոնք ուղղված են եղել ապրիլի 30-ին Վենեսուելայում պետական հեղաշրջում իրականացնելուն:
Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
«Եվրոպական պարբերականներից մեկում մի հրապարակում եմ կարդացել, որում գրված է հետևյալը՝ Բոլթոնը լուսադեմից առաջ համակարգել է պետական հեղաշրջման ամբողջ գործողությունը, զանգահարել է Կոլումբիայի, Չիլիի, Բրազիլիայի, Արգենտինայի կառավարություններին»,-ասել է Մադուրոն՝ ընդգծելով, որ պետական հեղաշրջման փորձն անձնապես Սպիտակ տնից ուղղորդել է Բոլթոնը:
«Եվ ես խնդրում եմ, որ Միացյալ Նահանգները հետաքննի ապօրինի գործողություններն ու Ջոն Բոլթոնի՝ Վենեսուելայի ժողովրդավարության դեմ ուղղված պետական հեղաշրջումը»,-հավելել է երկրի նախագահը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ապրիլի 30-ին ընդդիմությունը փորձել է հեղաշրջում անել Վենեսուելայում: Դրա առաջնորդ Խուան Գուաիդոն, որն իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել, իր աջակիցների հետ հավաքվել է Կարակասի «Կառլոտա» ռազմաբազայի մոտ, որտեղ ընդդիմադիր գործիչը ռազմական ընդվզման կոչ է արել և երկրի ժողովրդին, բանակին խնդրել դուրս գալ փողոցներ ու ավարտին հասցնել Մադուրոյին պաշտոնանկ անելուն ուղղված «Ազատություն» գործողության վերջին փուլը:
Սակայն Վենեսուելայի գորժող իշխանությունները հայտարարել են, որ զինված ուժերը շարունակում են հավատարիմ մնալ իրենց, և որ պետական հեղաշրջման փորձը ձախողվել է:
Հիշեցնենք,որ հունվարի 21-ից Վենեսուելայում շարունակվում են հակակառավարական զանգվածային բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում են Մադուրոյի հրաժարականը: Գուաիդոյին իրենց աջակցությունն են հայտնել տասնյակ լատինամերիկյան, եվրոպական պետություններ, ինչպես նաև ԱՄՆ-ն: Մինչդեռ Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան և մի շարք այլ երկրներ որպես օրինական նախագահ աջակցում են Մադուրոյին:
Մադուրոն հայտարարել է, որ պետական հեղաշրջման փորձն ուղղորդել է անձամբ Բոլթոնը
Հունվարի 21-ից Վենեսուելայում շարունակվում են հակակառավարական զանգվածային բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում են Մադուրոյի հրաժարականը
0Comments