Ավելի քան 30 թեկնածու Ալժիրում ցանկություն է հայտնել մասնակցել նախագահական ընտրություններին, որոնք պետք է տեղի ունենան ընթացիկ տարվա հուլիսի 4-ին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Algeria Press Service-ին։
Ինչպես նշվում է, ներքին գործերի, տարածքային կառավարման եւ տարածքի բարելավման նախարարությունում ներկա պահին հայցորդների 32 նամակ է տրվել, ովքեր ցանկանում են լինել երկրի բարձրագույն ղեկավարի հավակնորդների շարքում։
Գերատեսչության տեղեկատվությամբ՝ բոլոր 32-ն էլ անկախ թեկնածուներ են։
Մինչեւ պետության նոր ղեկավարի ընտրությունները երկրի նախագահն է 77-ամյա Աբդելքադեր Բենսալեհը։ Նա, համաձայն օրենսդրության, իրավունք չունի առաջադրելու իր թեկնածությունը գալիք ընտրություններում։
Երկուշաբթի՝ ապրիլի 22-ին, Ալժիրի մայրաքաղաքում, Ազգերի պալատում մեկնարկեց համազգային խորհրդատվական հանդիպման առաջին փուլը, որը նվիրված է ընթացիկ քաղաքական իրավիճակի վերլուծությանը եւ նախագահական ընտրությունների պատրաստությանը։ Միջոցառման նախաձեռնողն է պետության ղեկավարի աշխատակազմը։
Հանդիպման գլխավոր նպատակներից է անկախ ազգային մարմնի ձեւավորման մեխանիզմի քննարկումը, որը կզբաղվի ընտրությունների նախապատրաստմամբ եւ անցկացմամբ։ Ազգերի պալատում հավաքվել էին մի շարք քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ իրավաբաններ եւ սահմանադրական իրավունքի մասնագետներ։ Ընդ որում՝ ընդդիմությունը գրեթե ամբողջ կազմով բոյկոտել էր հանդիպումը։
0Comments