Մասնավորը դեռևս աշխատեցնում է «Գոլդեն Փելես» հյուրանոցը

Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող հյուրանոցը պետությանը փոխանցելու գործընթացը դեռեւս չի ավարտվել

ՀՀ մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը փոխանցելու գործընթացը դեռեւս չի ավարտվել։ Այս մասին  ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

Իսկ թե ինչքան ժամանակում կավարտվի, Բաբայանը հստակ չի կարող ասել։
Հարցին՝ գույքը ետ վերադարձնելու ռիսկը դեռեւս առկա՞ է, նա պատասխանեց․ «Էդ ռիսկն օրենքով գոյություն ունեցող ռիսկ է, եւ հիմա կարծիքների ենք սպասում, կարծիքներ ստացել ենք մի քանի գերատեսչություններից, մեկը մնացել է, ամփոփենք եւ ներկայացնենք կառավարությանը։ Մի քանի էջանոց տարբեր փորձաքննություններ, ես չեմ կարող հիմա ասել»։

Նա նաեւ նշեց, որ հյուրանոցը մասնավորը դեռեւս աշխատեցնում է։

Հիշեցնենք․ ավելի վաղ ԱԱԾ-ն նշել էր, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ստացված նախնական տվյալների համաձայն, Արմեն Ավետիսյանը, 2001 թվականից զբաղեցնելով Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել եւ հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երեւանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը: Իր եւ մյուսների մասնակցությունը, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով, հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ հոլդինգս» ՍՊ ընկերությանը` հանրությանն այդկերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարները, իբր, Հայաստանում օտարերկրյա ներդրում են:

Այնուհետեւ, ընդլայնելով հյուրանոցային բիզնեսը, նույն կազմակերպության անունից 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը: 2012 թվականին վերը նշված երկու հյուրանոցների սեփականատեր դարձել է Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիթեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր հանդիսացել է Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը։