Րաֆֆի Հովհաննիսյանը կշարունակի իր գործունեությունը որպես «Ժառանգության» քաղաքական խորհրդի նախագահ

«Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում գումարեց իր քաղաքական խորհրդի հանրապետական հերթական նիստը

«Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում գումարեց իր քաղաքական խորհրդի հանրապետական հերթական նիստը:

Հնչեցին տարբեր զեկուցումներ, քննարկվեց կուսակցության գործադիր մարմնի ընդհանուր հաշվետվությունը, որը ներկայացրին վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը և փոխնախագահ Նարինե Դիլբարյանը: Քաղաքական խորհուրդը հանգամանալից  քննարկեց Հայաստանի և տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը՝ նախանշելով դրանց զարգացման հնարավոր սցենարները:

Նաև քվեարկությամբ ընտրեց քաղաքական խորհրդի ղեկավարին: Րաֆֆի Հովհաննիսյանը կշարունակի իր գործունեությունը որպես քաղաքական խորհրդի նախագահ:

Գյումրիի նորաբաց մշակութային-երիտասարդական «Գարաժ Ակումբում» խորհրդակցության ավարտից հետո տեղի ունեցավ հատուկ ընդունելություն, որին մասնակցեցին կառավարության բարձրաստիճան անձինք, քաղաքական ու մշակութային գործիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ, կուսակցության անդամներ և բարեկամներ: Ընդունելությունը նվիրված էր  «Ժառանգության» հիմնադրման 17-ամյակին:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն