Վենեսուելայի իշխանություններն ընդդիմադիր առաջնորդ, երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոյի դեմ քրեական հետապնդում են սկսել, գրում է РИА Новости-ն՝ Ազգային հիմնադիր ժողովի իրավունքի հարցերով հանձնաժողովի ղեկավար Խուլիո Գարսիա Սերպային հղումով: Վերջինս հայտնել է, որ քրեական հետապնդմամբ կզբաղվեն Գերագույն դատարանը և գլխավոր դատախազը:
Սերպան նշել է, որ արդարադատությունը որոշում կկայացնի համապատասխան ապացույցների հիման վրա, և որ Գուաիդոն պաշտպանվելու իրավունք կունենա:
«Նա պետք է պատասխան տա այն ամենի համար, ինչ արել է: Նա պետք է պատասխան տա հայրենիքի դավաճանության համար»,- ասել է հանձնաժողովի ղեկավարը:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Վենեսուելայի ազգային հիմնադիր ժողովը, որն աջակցում է երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին, զրկել է Գուաիդոյին պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչը նրա դեմ քրեական հետապնդում սկսելու հնարավորություն է ընձեռել և կարող է անգամ ընդդիմադիր առաջնորդի ձերբակալմանը հանգեցնել:
Հիշեցնենք, որ իրեն Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար հռչակած Գուաիդոյի իշխանությունը ճանաչել է ընդհանուր առմամբ ավելի քան 50 երկիր:
Վենեսուելայում Գուաիդոյի դեմ քրեական հետապնդում են սկսել
Արդարադատությունը որոշում կկայացնի համապատասխան ապացույցների հիման վրա, և Գուաիդոն պաշտպանվելու իրավունք կունենա
0Comments