Պատերազմի դեպքում պետք է մի կողմ թողնել քաղաքական տարաձայնություններն ու միավորվել

Ձախողվեց Ադրբեջանի բազմամյա փորձը՝ հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով

Եթե Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք պատերազմ սկսվի, բնականաբար, պետք է մի կողմ թողնել քաղաքական տարաձայնություններն ու միավորվել արտաքին սպառնալիքի շուրջ։ Այս մասին Եռաբլրի զինվորական պանթեոնում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով՝ որքան էլ որ որոշ քաղաքական գործիչներ փորձեն մանիպուլացնել 2016 թվականի ապրիլյան իրադարձություններով, միեւնույն է, հայ ժողովուրդը հաղթել է այդ պատերազմում։ «Ձախողվեց Ադրբեջանի բազմամյա փորձը՝ հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։ Ադրբեջանական իշխանությունները, տանուլ տալով դիվանագիտական մակարդակում 2011-2016 թվականներին, փորձեցին ուժ կիրառել։ Դրանից հեռո ադրբեջանական դիվանագիտությունը Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում եւս մեկ պարտություն կրեց»,- ավելացրել է նա։ Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանն այն մասին, թե պատերազմը Հայաստանի հետ դեռ չի ավարտվել եւ սա սոսկ առաջին փուլն է, ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ Ադրբեջանի նախագահը միշտ աչքի է ընկել մոտեցումների երկակիությամբ։ «Ներքին օրակարգը միշտ տարբերվում է արտաքինից, որը Բաքվի իշխանությունները փորձում են պարտադրել համանախագահներին ու համաշխարհային հանրությանը։ Երբեմն այդ օրակարգերը համատեղվում են, ինչը շատ վտանգավոր է։ Նման համատեղումը երեք տարի առաջ հանգեցրեց ռազմական ագրեսիայի։ Սա հարկավոր է հաշվի առնել եւ պատրաստ լինել պատերազմի»,- ամփոփել է նա։