Ֆրանսիայում Շառլ Ազնավուրին նվիրված ցուցահանդես կբացվի

Լուսանկարներից մեկում Ազնավուրը պատկերված է չմուշկներով

Ֆրանսիայի Մարսել քաղաքի Բուզինե ամրոցում կբացվի հայազգի լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքին և ստեղծագործությանը նվիրված` երկրում առաջին ցուցահանդեսը, գրում է 20minutes.fr կայքը:

«Ազնավուրի անհայտ կողմը» խորագիրը կրող ցուցահանդեսում կներկայացվեն լեգենդար շանսոնյեի երիտասարդ տարիների լուսանկարների արխիվը և նրա անձնական իրերը:

Լուսանկարներից մեկում Ազնավուրը պատկերված է չմուշկներով: Երաժիշտի որդու՝ Միշա Ազնավուրի խոսքով՝ պատերազմի տարիներին դրանք օգնել են Ազնավուրին պարետային ժամին աննկատ տեղաշարժվել քաղաքով և օգնել բազմաթիվ փախստականների:

«Ազնավուրը ժամանակին Բուզինե ամրոցում այցելել էր Ժան-Պոլ Բելմոնդոյին նվիրված ցուցահանդեսը և կատակել՝ ասելով. «Իսկ ինչո՞ւ ինձ էլ առանձին ցուցահանդես չեն նվիրում»,- պատմել է ցուցահանդեսի կուրատոր Վալերի Ֆեդելը՝ հավելելով, որ ցուցահանդեսի պատրաստությունները սկսվել էին դեռևս շանսոնյեի կյանքի օրոք, և Ազնավուրն անձամբ հավանություն է տվել մտահղացմանը: