Օպերայի և բալետի թատրոնի անձնակազմը կհավաքվի կառավարության մոտ

Մշակույթի նախարարությունը որպես ազատման հիմք ընդունել է Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 15-րդ հոդվածը

Այսօր ժամը 10-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատողները, կոմպոզիտորները, թատերական գործիչները, թատրոնների, թանգարանների տնօրեններ, գիտաշխատողները հավաքվելու են ՀՀ կառավարության շենքի մոտ՝ իրենց պահանջ-խնդրանքը փոխանցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին տեղեկանում ենք օպերայի և բալետի թատրոնի ֆեյսբուքյան էջից։

Նրանց խնդրանք-պահանջն է՝ չեղյալ համարել օպերային թատրոնի տնօրեն Կ.Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարողի հրամանը, աշխատանքից ազատել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Ն.Ղարիբյանին՝ մշակույթի և նրա գործիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, օրենքին հակասող հանձնարարականներ ու հրամաններ տալու համար:

Հիշեցնենք,  որ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի  2019 թ. մարտի 28-ի  հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։

Մշակույթի նախարարությունը որպես ազատման հիմք ընդունել է Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 15-րդ հոդվածը, ըստ որի՝  ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանը բացի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենից նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։