«Մենք արդեն իսկ ունենք քաղաքացու օր»

Կարող ես իշխանափոխության օր կոչել, բայց քաղաքացին կար արդեն

Քաղաքացու օրը կարող է լինել այն օրը, երբ այդ մարդը պետություն ունեցավ։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով ապրիլի վերջին շաբաթ օրը քաղաքացու օր հռչակելու կառավարության որոշման մասին։

«Նախ դուք գիտե՞ք՝ քաղաքացի ի՞նչ է նշանակում։ Ո՞րն է քաղաքացու եւ մարդու տարբերությունը, ո՞րն է քաղաքացու եւ անհատի տարբերությունը։  Քաղաքացի նշանակում է պետություն ունեցող մարդ»,–նշեց նա։

Հայրիկյանը շեշտեց՝ Հայաստանում արդեն իսկ կա քաղաքացու օր եւ այդ օրը սեպտեմբերի 21-ն է. «Քաղաքացու օրը կարող է լինել այն օրը, երբ այդ մարդը պետություն ունեցավ։ Մենք ունենք քաղաքացու օր։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ը քաղաքացու օրն է։ Այս օրը ազգային ինորոշման արդյունքում Հայաստանի մարդիկ դարձան Հայաստանի քաղաքացիներ։ Դա է քաղաքացու օրը։ Թե չէ Սերժին հանեցին, Նիկոլին դրեցին, ինչ քաղաքացու օր։ Կարող ես իշխանափոխության օր կոչել, բայց քաղաքացին կար արդեն»,–եզրափակեց նա։

Հիշեցնենք՝ երեկ կառավարության նիստում որոշում կայացվեց ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում առաջարկեց հանրային քննարկում անցկացնել օրը նշելու տարբերակների վերաբերյալ: