Կարևոր է հասկանալ, թե Օպերայի տարածքում այսօր ինչ է կատարվել:
Այն, որ ժամանակին պետք էր թույլ չտալ նման վայրերում սրճարաններ կառուցելը, հասկանալի է: Հասկանալի է նաև, որ դրանք պետք է քանդվեն: Նաև պարզ է, որ կա գործազրկության խնդիր և մարդկանց պետք է այլընտրանքի համար պայմաններ ստեղծել ու նոր նման քայլերի գնալ: Գործազրկությունն ու ապագայի հանդեպ անորոշությունը արտագաղթի հիմնական պատճառն է:
Սեփականատերերի խնդիրն ինձ բացարձակապես չի հետաքրքրում, նման վայրում սրճարան կառուցողը բարոյական շեղումներ պետք է ունեցած լինի: Առաջին հերթին պետք է պատժվեն այդ վայրում շինարարության թույլտվություն տված պաշտոնյաները: Դա դաս կլինի մյուսների համար: Ինձ միայն աշխատողների հարցն է հետաքրքրում:
Փորձենք տեղի ունեցածին մոտենալ անորոշության տեսանկյունից:
Մերժիր Սերժին, Քայլ Արա, Վեր կաց քայլիր, Հեղափոխություն-հակահեղափոխություն, Նախկինների վերադարձի վտանգ, Մինչև վերջին կոպեկը վերադարձնենք թալանածը – դրանք քարոզչական դաշտում գտնվող կարգախոսներ են, իրական կյանքն ավելի բարդ է: Եվ այդ իրական կյանքը մեր դուռը բախելու է: Օպերայի դեպքն առաջին թակոցն է:
Երբ կարգախոսները հանում ենք, ապա տեսնում ենք, որ այս իշխանությունը խոսելու այլ թեմա չունի: Դա ցավով եմ ասում: Կարգախոսները կարճատև ազդեցություն ունեն, իսկ իրական փոփոխությունը պահանջում է աշխարհայացք, զարգացման նախագծեր, հաշվարկներ, ռիսկերի գնահատում, երկարատև և կարճատև ծրագրեր, թիմ (իսկական բանիմաց թիմ) և այլն:
Հանրությանը վախերով և խոստումներով երկար զբաղեցնել չի ստացվի: Մեզ պետք են քաղաքական հակակշիռներ, լուրջ և հիմնավորված քննադատություն, շահերի վրա հիմնված խմբեր:
Կարծում եմ, որ կամաց-կամաց այդ գիտակցությունը ձևավորվում է:
Օպերայում հավաքված մարդկանց պետք չի պիտակավորել և հակահեղափոխական ներկայացնել, այլապես հակահեղափոխականը բացասականից դրական կոչումի կվերածվի (և հակառակը):
Ով կարող է ասել, թե վաղը ում հերթն է գալու ու ով է հանրային աջակցության կարիք ունենալու: Գուցե դա դու ես լինելու:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից։
0Comments