Մարդկանց և կենդանիների բարեկամության մասին փաստերը, պատմությունները, դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերն ու հոլովակները բազմաթիվ են: Միևնույն ժամանակ կան մարդիկ, որոնք չեն սիրում կենդանիներ: Սա տրամաբանական և նորմալ է այնքան, որքան և նրանց սիրելը: Սակայն զուգահեռ իրականության մեջ ապրում են մարդիկ, որոնք չսիրելուց բացի, երբեմն հայտնի, երբեմն էլ անհայտ պատճառներով դաժան վերաբերմունք են դրսևորում կենդանիների հանդեպ:
Համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին կետի` կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որը տառապանք պատճառելով է հանգեցնում մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկազերծումը, անդամահատումը, կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը կամ անտուն կենդանու այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանուն սահմանված կարգի խախտմամբ գիտահետազոտական, բժշկական կամ փորձարարական նպատակով օգտագործելը կամ այլ դաժան վերաբերմունքը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նույն հոդվածի 2-րդ կետում ասվում է. 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձին դաժանությամբ, 12 տարին չլրացած անձի ներկայությամբ կամ շահադիտական դրդումներով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով։
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերով 2024 թ. հունվարի 1-ից մինչ օրս ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է 57 հաղորդում, 2023 թ. նույն ժամանակահատվածում՝ 46:
Համայնքային ոստիկանությունն այս հանցատեսակի կանխարգելման նպատակով բնակչության շրջանում իրականացնում է իրազեկման, բացատրական աշխատանքներ:
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Կարեն Խաչատրյանի խոսքով՝ «Ոստիկանության ուշադրության կենտրոնում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերը։ Համայնքային ոստիկաններն ունեն սպասարկվող տարածքներ. անմիջապես շփումը հանրության ու ոստիկանության տեսուչի միջև մշտապես է։ Եթե տեղեկացվեն, որ տեղի է ունենում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք, անմիջապես արձագանքում են, և հանցանքը օրենքի շրջանակում արժանանում է իրավական գնահատականի»։
Այսպիսով, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձը պատասխանատու է ոչ միայն խղճի, այլև օրենքի առաջ:
Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեք՝ կենդանիները մեր էկոհամակարգի կարևորագույն մասն են: ՆԳ նախարարությունը հորդորում է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի ականատես լինելու դեպքում դիմել ոստիկանություն։
Միասի՛ն պայքարենք անմարդկային երևույթի դեմ։
0Comments