Factor TV-ն օրերս իր տաղավարում ուղիղ եթերում բանավիճելու առաջարկ էր հղել Երևանի ներկա և նախկին քաղաքապետներին։ Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը նույն օրը ֆեյսբուքյան մեկնաբանությամբ համաձայնություն էր տվել առաջարկին:
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էլ այսօր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ընդունել է գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ Factor TV-ի տաղավարում բանավեճ անցկացնելու հրավերը։ «Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման ծրագրի շուրջ։ Քանի որ քաղաքապետարանից խնդրել են երկրից բացակայելու բերումով հետաձգել բանավեճը, ապա առաջարկում ենք այն կազմակերպել դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում»,- գրել է Մարությանը։
Երևանի ավագանու վերջին նիստում օրերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր․ «Պարոն Ավինյանը պատրաստ է բանավիճել ձեր քաղաքական առաջնորդի հետ ցանկացած ֆորմատով, ժամի և վայրում»,- դիմելով ավագանու «Ազգային Առաջընթաց» խմբակցության անդամներին։
Factor TV-ն արդեն իսկ կողմերի հետ համաձայնեցրել է բանավեճի անցկացման օրը և ժամը՝ այն կկայանա դեկտեմբերի 18-ին, 17։00-ին ուղիղ եթերում։ Բանավեճի ընթացքում նախատեսում ենք քննարկել Երևանի տրանսպորտային համակարգի փոփոխությունները, տոմսային նոր համակարգի ներդրումը, սակագնային նոր համակարգը և մայրաքաղաքի կառավարման հետ կապված այլ հարցեր։
0Comments