ԱՄՆ Կոնգրեսի 60 կոնգրեսական Բաքվում ՄԱԿ-ի COP29 կլիմայական գագաթնաժողովի նախաշեմին կոչ են անում ԱՄՆ ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների, պատանդներ վերցնելու և Հայաստանի տարածքի ապօրինի օկուպացիայի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Նշվում է, որ հայտարարությունը նախաձեռնել են դեմոկրատ Ֆրենկ Փալոնեն և հանրապետական Էդ Մարկին։
«Քանի որ համաշխարհային առաջնորդները պատասխանատվություն չեն կրել Արցախում ցեղասպան էթնիկ զտումների համար, նրանք պարտավոր են օգտագործել COP29 գագաթնաժողովը որպես հնարավորություն՝ վերլուծելու Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող խախտումները և հակազդելու նրանց ցեղասպան վարչակարգի գործողություններին»,- ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Հոկտեմբերի 3-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում ԱՄՆ սենատորներն ու Կոնգրեսի ներկայացուցիչները հայտարարել են․«COP29-ի մոտենալու կապակցությամբ մենք խնդրում ենք պետքարտուղարությանը ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի կառավարության վրա ՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման, մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային օրենքների ու նորմերի պահպանմանն ուղղված շոշափելի միջոցներ ձեռնարկելու նպատակով: Ընդգծում ենք, որ չնայած անհերքելի ապացույցներին և միջազգային դատապարտմանը, Ադրբեջանը չի բախվել որևէ նշանակալի հետևանքների հետ՝ էթնիկ զտումներ և այլ գործողություններ իրականացնելու համար»։
Այնուհետև օրենսդիրները կոչ են արել Պետքարտուղարությանը հասնել բոլոր քաղբանտարկյալների, պատանդների և ռազմագերիների, այդ թվում ՝ էթնիկ հայերի անհապաղ և անվերապահ ազատ արձակմանը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
0Comments