Փոխվարչապետը հաստատում է՝ կապիտալ ծախսերի ծավալը նվազել է

Բյուջեի կատարողականն էլ նախատեսվածից թերակատարվել է 21 մլրդ դրամով

Կապիտալ ծախսերի ծավալը նվազել է, և դա պայմանավորված է տարբեր ծրագրերի տարիներ շարունակ ունեցած խնդիրների հետ: Այս մասին այսօր  ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:

Պատգամավորը նշեց, որ 2018 թվականին պետական բյուջեի կապիտալ ծախսերը 2017 թ-ի նկատմամբ մոտ 85 մլրդ դրամով նվազել է,  բյուջեի կատարողականն էլ նախատեսվածից թերակատարվել է 21 մլրդ դրամով։ «Ակնհայտորեն կապիտալ ծախսերը  տնտեսական ակտիվության պայմաններից են, և այս տենդենցը նկատելի է նաև այս տարվա հունվարի համար: Ո՞րն է պատճառը և ի՞նչ միջոցներ եք ձեռնարկվում այդ պատճառերը վերացնելու ուղղությամբ»,- հարցրեց Մանե Թանդիլյանը։

Տիգրան Ավինյանը նշեց, որ եթե խոսում են միայն բյուջեում նախատեսված ծրագրերի մասին, ապա  ընդհանուր կապիտալ ծախսային մասում դրանք ընդամենը մի հատվածն են:  Ըստ նրա՝ դրանց գումարվում են նաև վարկային ծրագրերը, որոնք նախատեսված չեն:

«Օրինակ՝  Հյուսիս-Հարավի Տրանշ 2-ի և 3-ի մասով կան բնական պատճառներ, որոնք բերել են մի իրավիճակի, որ գործընթացները դանդաղել են: Այնուամենայնիվ, բոլոր կապիտալ ծախսային ծրագրերի մասով այս պահի դրությամբ կատարվում է գույքագրում, որոնց արդյունքում փորձում ենք հասկանալ՝ որտեղ ինչ խնդիրներ ունենք, որ ծրագրերը պետք է շարունակել, որ ծրագրերը պետք է դադարեցնել և վերաբաշխել այլ ծրագրերի համար»,- ընդգծեց փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ գույքագրման գործընթացը տեղի է ունենալու ևս մեկ-երկու ամիս: Արդյունքում, ըստ նրա, կհասկանան այդ ծախսերի արդյունավետության աստիճանը:

«Կուզենայի նաև հստակ նշել՝ մենք ձգտում ենք, որ կապիտալ ծախսային ծրագրերն ավելանան, որտեղ հնարավոր է թափ տալ: Այնուամենայնիվ կարևորում ենք կատարվող ծախսերի արդյունավետությունը, մասնավորապես,  ծախսերի վերջնարդյունքն ու որակը»,-ընդգծեց Տիգրան Ավինյանը։