Երբ մենք քննարկում ենք որևիցե փաստաթուղթ կամ բարձրաձայն կարծիք ենք հայտնում, նախապես նայում ենք՝ դա մեր Սահմանադրության հետ խնդիր առաջացնո՞ւմ է, թե՞ ոչ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«ՍԴ-ի անաչառությունը որեւէ ձեւով կասկածի տակ դնելը տեղին չէ, որովհետեւ բազմաթիվ դեպքեր եւ օրինակներ կարող եմ բերել, որ իշխանության կարծիքն ու քաղաքական մթնոլորտը ՍԴ որոշմամբ հակառակ պատկերն են ունեցել։ Մենք այն մարդկանց հետ քննարկելիս, որոնք զբաղվում են քննարկումներով, նախապես նայում ենք, որ այնպիսի բան չլինի, որը կհակասի Սահմանադրությանը:
Նրա խոսքով՝ կանոնակարգը վեր է լինելու, որովհետև ՍԴ-ն եզրակացություն է տալու, թե արդյոք այն հակասում է Սահմանադրությանը, թե ոչ. «Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ նշված է, որ դա ավելի վեր է լինելու, քան մնացած բոլոր իրավական փաստաթղթերը»:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Դա անհիմն է: Չեմ բացառում, որ երբ օրեր անց, երբ կփարատվի այդ խոսակցությունը, որն ըստ իս միջազգային կառույցներում մարդիկ արդեն հասկացել են եւ Ադրբեջանն էլ արդեն պետք է այդ մեսիջներն ստացած լինի, որ Սահմանադրության վերաբերյալ իրենց պնդումը շատ անհիմն է, ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը մի նոր պատճառ կգտնեն, մի նոր բան կգտնեն: Բայց մենք մեր աշխատանքը առաջ ենք տանելու, որ խաղաղության պայմանագիրը իրականություն դառնա»:
ԱԺ նախագահը կրկնեց, որ քաղաքական կամքի պարագայում ոչ մի խնդիր չկա, որ հենց այսօր համաձայնեցված կետերի հիման վրա կնքվի խաղաղության պայմանագիր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին ՍԴ-ն հրապարակեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ որոշումը:
Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 2-ին հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել և ստորագրել են:
Կանոնակարգում նշվում է, որ հանձնաժողովները կհիմնվեն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք (եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին):
Սեպտեմբերի 5-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին»՝ Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին որոշմանը:
0Comments