«Վստահ եմ՝ վաղը Ռուբեն Մելիքյանն էլ Լապշինի մասին կասի՝ ի՞նչ իմանայի, որ նա թուրքի շպիոն է»․ Նաիրի Հոխիկյան

Մանրամասներ
քպ

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն արձագանքել էր իմ հրապարակմանը հրեա բլոգեր Լապշինին օգնելու առումով և ցավալիորեն իջել նարեկ սամսոնյանների մակարդակի։ Բայց հարգելով Ռուբենի մասնագիտական որակները՝ պատասխանեմ նրա առաջ քաշած թեզերին։

Գոնե ես կասկածի տակ չեմ դնում Ռուբեն Մելիքյանի հմտությունները իրավապաշտպանական ոլորտում, մանավանդ որ ինքս այդ մասնագիտությունը չունեմ և չեմ կարող գնահատել նրա կարողությունները, բայց երբ խոսք է գնում մասնագիտական սկզբունքների մասին, պետք է ուշադրություն դարձնել որոշ այլ արժեքների վրա ևս։ Մասնավորապես.

1. Ռուբենը մատնանշում է «կողքին կանգնելու» սկզբունքը' շեշտելով, թե օգնել է մի մարդու, ում հետապնդում են քաղաքական հայացքների համար, և նա օգնության է դիմել։

Այդ տրամաբանությամբ ինքը պե՞տք է արդյոք շտապի օգնել, ասենք, Խաչատուր Սուքիասյանին, եթե վաղը նա քաղաքական հայացքների համար ենթարկվի Նիկոլի հետապնդումներին։ Այս մարդու անունը պատահական չեմ գրել։ Ռուբենին առաջարկում եմ Լապշինին էլի հանդիպելիս հարցնել Լապշինի ու Խաչատուրի հանդիպումների, պայմանավորվածությունների մասին։ Գուցե նա գնահատի Ռուբենի օգնությունը և անկեղծանա։ Բայց զգույշ եղեք, Լապշինի անկեղծությունը հաճախ շատ լավ բեմադրված թակարդ է։

Լավ, համարենք, թե Լապշինին իրոք Հայաստանում հետապնդում են իր քաղաքական հայացքների համար, և իրոք նա դիմել է Ռուբենի օգնության։ Այդ դեպքում ո՞ւր էր Ռուբեն Մելիքյանի և նրա համախոհ մյուս փաստաբանների մասնագիտական սկզբունքայնությունը, երբ 2021-ի օգոստոսից ինձ՝ Նաիրի Հոխիկյանին է Նիկոլը քաղաքական հետապնդման ենթարկում, ապօրինի քրեական գործեր կարում։ Ի դեպ, մեծ մասը հենց նույն Լապշինի դավադրության, ՔՊ-ի հետ համագործակցության, իր ասած խոսքերից լկտիաբար հրաժարվելու հետևանքով։ Ո՞ւր էր Ռուբեն Մելիքյանի և նրան լայքած մի քանի փաստաբանների իրավաբանական բարոյականությունը, երբ ՀՀ ԱԱԾ-ն ապօրինի կերպով ինձնից խլեց իմ հեռախոսը, որի մեջ նույն Լապշինի ուղարկած խոստովանություններն էին Նիկոլի ու Վովայի հետ իր խոսակցության, ինչպես նաև մեր այն խոսակցությունները, որտեղ ես շաբաթներ շարունակ Լապշինին համոզում էի խոսել, իսկ նա հրաժարվում էր՝ ասելով, թե Արցախը ծախել են, և ինքը չի ուզում մտնել դրա բացահայտման գործի մեջ։ Իսկ Ռուբենը գիտի՞, որ Լապշինը Արցախի վաճառքի մեջ մեղադրում է նաև Ռոբերտ Քոչարյանին ու հատկապես Սերժ Սարգսյանին։ Եթե կհետաքրքրի, կարող եմ իր ուղարկած ձայնային հաղորդագրություններն ուղարկել, գուցե իր վերաբերմունքը փոխի Լապշինի մասին։

Ո՞ւր էր Ռուբեն Մելիքյանի սկզբունքայնությունը, երբ ես հրապարակային դիմում էի փաստաբանական հանրության օգնությանը։ Օգնեցին շատերը, բայց ոչ Ռուբեն Մելիքյանը։ Գուցե նրա համար, որ ես երբեմն քննադատո՞ւմ եմ ՀՀԿ-ի անցած ճանապարհը։ Բայց առողջ հանրապետականները դրանից չեն նեղանում ու նույնիսկ շնորհակալություն են հայտնում օբյեկտիվության համար։

2. Ռուբեն Մելիքյանը նշում է իր ոլորտում ճշմարտության և թափանցիկության սկզբունքը' շեշտելով, որ պետք է ստուգել քաղաքացու ներկայացրած տեղեկատվությունը և հանրությանը ներկայացնել միայն ճիշտը։ Լավ բան է ասում Ռուբենը, իսկ արդյո՞ք 2021-ի օգոստոսից մինչև այսօր նա փորձել է ստուգել, թե որքանով էին ճիշտ իմ ներկայացրած փաստերը Լապշինի ու Նիկոլի խոսակցության, Լապշինի ծախվելու, Ադրբեջանի հետ նրա թաքուն գործակցության մասին։ Երբևէ Ռուբենը փորձե՞լ է իր մասնագիտական բարձր որակները ի նպաստ օգտագործել Նիկոլի դատարանների, ԲԴԽ նախագահի, անձամբ արդարադատության նախարարի կողմից հետապնդվող իր ընդդիմադիր հայրենակցի' Նաիրի Հոխիկյանի հաղորդած տեղեկությունները ստուգելու և հանրությանը միայն ճշմարտությունը ներկայացնելու համար։ Նշեմ, որ Ռուբենի մասնագիտական բարձր որակների մասին միտքս հեգնանքով չի։ Ես հարգում եմ մարդու մասնագիտությունը և նրա նման հեգնանքով չեմ խոսում։ Դա իմ բարոյական սկզբունքներին դեմ է։

Մտերիմներից ոմանք ինձ երբեմն հանդիմանում են, թե քաղաքական պայքարում բարոյականությանը, ազնվությանը և տոլեռանտությանը չափազանց մեծ տեղ եմ հատկացնում։ Իրենք ճիշտ են, բայց ես չեմ ընդունում հանդիմանությունը։ Ես գիտեմ մեկ բան՝ եթե կա գաղափար ու հայրենիք, ապա քաղաքական շահերը պետք է ավելի ստորադասվեն դրանցից։ Ես մեծ ցավ կապրեմ, եթե հանկարծ Սրբազանն էլ քաղաքական շահից ելնելով՝ Լապշինին ողջունի նրա դուրեկան հայտարարությունների համար։ Ցավ եմ ապրում, որ ինձ հետ անձնական մտերմություն անող որոշ մարդիկ Լապշինի նման սրիկային համարում են հայասեր գործիչ և ուրախանում ինձ ուղղված Ռուբենի հեգնանքից։ Ցավ եմ ապրում, որովհետև իմ բարոյական սկզբունքները այլ են։

2023-ի աշնանը Երևանի քաղաքապետի ընտրությունից առաջ ընդդիմադիր մի շարք գործիչների ասում էի, որ դոգ կոչված անասունը Նիկոլի շունն է։ Ինձ հակադարձում էին, թե ոնց կարող է նա Նիկոլի շունը լինել, երբ նիկոլին հեր ու մեր է քրֆում։ Ավելին, ասում էին, թե պետք է դոգին սիրաշահել քաղաքական շահից ելնելով ու բերել ընդդիմադիր դաշտ, նրա օգնությամբ վերցնել քաղաքապետի պաշտոնը։ Ընտրությունից հետո նույն դոգը երեք մատի կոմբինացիա ցույց տվեց ընդդիմադիրներին ու օգնեց Նիկոլին։ Ի՞նչ ասացին ընդդիմադիր ընկերներս։ Ասացին' մենք ի՞նչ իմանայինք, որ նա կարող է այդպիսի սրիկա լինել...

Մտորելու համար մի հարց տամ։ Երբ Ռուբենը կամ նրա համախոհ մարդասերներն ասում են, թե «Բաքվի բանտում Լապշինին ահավոր զրկանքների են ենթարկել, ու նա գողգոթա է անցել» Արցախ այցելելու համար, խնդրում եմ, ասեք' ինչպե՞ս եղավ, որ Բաքվի բանտում անպաշտպան Լապշինին երկու հաստավիզ մարդիկ փորձել են պարանով խեղդել, բայց նա չի մահացել, կախել են, բայց կախված վիճակում երկար մնացել է կենդանի, ու նրան կարողացել են փրկել Ալիևի մարդասեր բժիշկները։ Ինչպե՞ս է եղել, որ Լապշինի երակների մեջ Բաքվի բանտում ինչ-որ թույն են սրսկել, որը օրեր անց իբր բացահայտվել է Իսրայելում, բայց այդ թույնը որևէ կերպ չի ազդել նրա առողջության վրա։ Զարմանալի է, Բաքվի բանտում մեռնում են բոլոր անցանկալի մարդիկ, իսկ Լապշինը հերոսաբար ապրում է և ազատվելուց հետո շարունակում պայքարը, լուսանկարում Հայաստանի առաջնագիծը։ Մտածեք։

Ես վստահ եմ, վաղը Ռուբեն Մելիքյանն էլ Լապշինի մասին կասի՝ ի՞նչ իմանայի, որ նա թուրքի շպիոն է... ես կհասկանամ, որ ինքը լավ իրավաբան է, բայց միամիտ հայ։ Կլռեն այսօր Լապշինին աջակցող և Ռուբենի էջում իմ դեմ վիրավորանք ու հեգնանք գրող մարդիկ, որովհետև իրենց համար մարդկային ու բարոյական, ազգային շահից վերևում այս պահի քաղաքական շահն է։ Բայց ես իրենց չեմ հեգնում, դա իմ բարոյական արժեքների մեջ չի մտնում»։ 

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան