Զգուշացեք՝ Հարկադիր կատարման ծառայության կեղծ էջ է ստեղծվել սոցցանցերում

Մանրամասներ
հեռախոս

Զեղծարարները Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կեղծ էջ են ստեղծել «Հարկադիր Կատարման ԾաՐայություն» ոչ իրական անվանումով։ Այս մասին տեղեկանում ենք  ծառայության ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ կեղծ օգտահաշվի միջոցով քաղաքացիներին ապակողմնորոշում են և ոչ հավաստի տեղեկատվություն տրամադրում։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հորդորում է զգոն լինել, ձեռնպահ մնալ նշված էջերի հորդորով գումարներ փոխանցելուց կամ կատարողական վարույթների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելուց։

«Հորդորում ենք հավաստիանալ, որ կապ եք հաստատել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական էջի հետ, որն ունի կապույտ տարբերանշան, որտեղ առկա է էջի մասին ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև հետադարձ կապի գործող հեռախոսահամարներ»,- զգուշացնում են ծառայությունից։

Նշենք, որ վերջին շրջանում բավական մեծ տարածում է ստացել ինտերնետային զեղծարարությունը։ Ոստիկանությունը ևս պարբերաբար հանդես է գալիս նախազգուշացնող հաղորդագրություններով՝ հորդորելով զգոն լինել և չդառնալ խարդախների զոհ։