Նոր վիրուսը հետևում է Android սմարթֆոնների օգտատերերին․ ի՞նչպես է այն գործում

Մանրամասներ
Android

«Կասպերսկու լաբորատորիա»-ի մասնագետները նոր վիրուս են հայտնաբերել, որը Ռուսաստանում օգտագործվում է Android սարքերում մարդկանց հետևելու համար, գրում է ռուսական «Վեդոմոստի» թերթը՝ հղում անելով ընկերությանը։

Տրոյական տեսակի այս վիրուսն ստացել է LianSpy անունը: Կազմակերպության տվյալներով՝ այն կարող էր լրտեսությամբ զբաղվել 2021-ի կեսերից, սակայն ծրագիրն ակտիվորեն մաքրում է իր թողած հետքերը, ինչը դժվարացրել է վիրուսի հայտնաբերումը, դա հնարավոր է դարձել միայն 2024-ի գարնանը։ Ընդորում, ծրագիրը ոչ թե համատարած է լրտեսել, այլ թիրախային։

Վիրուսի հայտնաբերումից ի վեր «Կասպերսկու լաբորատորիա»-ն հայտնաբերել է ավելի քան տասը թիրախ: Ընկերությունը չի հստակեցրել, թե կոնկրետ ովքեր են դարձել վիրուսի զոհ։

Ինչպես պարզաբանել է «Կասպերսկու լաբորատորիա»-ի կիբեռանվտանգության փորձագետ Դմիտրի Կալինինը, LianSpy-ը քողարկվում է համակարգային հավելվածների և ֆինանսական ծառայությունների տակ, թեև տրոյական այս վիրուսին օգտատերերի ֆինանսների վերաբերյալ տեղեկությունները չեն հետաքրքրում:

«Վնասաբեր ծրագրի ֆունկցիոնալությունը ներառում է վարակված սարքից կոնտակտների ցուցակի հավաքումն ու փոխանցումը հարձակվողներին, ինչպես նաև զանգերի մատյանի տվյալների և տեղադրված հավելվածների ցանկի հավաքումն և փոխանցումը»,- նշել է Կալինինը:

LianSpy-ը կարող է շրջանցել Android-ի ծանուցումները, որոնք ցույց են տալիս, որ ներկայումս օգտագործվում է հեռախոսի տեսախցիկը կամ խոսափողը՝ անջատելով էկրանի ձայնագրման ժամանակ հայտնվող պատկերակը: Մասնագետը նշել է նաև, որ սարքերը կարող էին վարակվել հեռակա կարգով՝ օգտագործելով մի քանի չբացահայտված խոցելիություն կամ հեռախոսի ֆիզիկական հասանելիություն ձեռք բերելու միջոցով։