Երբ Քիմբերլի Չիթլը ղեկավարում էր ԱՄՆ նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության գործողությունները, նա ասել էր, որ վերապատրաստվող գործակալներին կպատմի իրենց աշխատանքի «ահռելի պատասխանատվության» մասին, գրում է AP-ն։
«Այս գործակալության և Գաղտնի ծառայության ոչ մի առաքելություն ձախողում չի ունեցել»,- հայտարարել էր Չիթլը 2021 թվականին:
Այժմ նա գործակալության տնօրենն է։
Գաղտնի ծառայությունը և նրա տնօրենը ուշադրության կենտրոնում են հայտնվել այն «ձախողում չունեցած» առաքելության համար․ հուլիսի 13-ին Փենսիլվանիայում հանրահավաքի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո:
Օրենսդիրները և քաղաքական այլ գործիչները հարց են տալիս՝ ինչպես կարող էր հրաձիգն այդքան մոտենալ հանրապետական նախագահի թեկնածուին, եթե նրան լավ պահպանում էին։
Չիթլը, որը երկուշաբթի օրը ցուցմունք կտա օրենսդիրների առջև՝ Կոնգրեսի հանձնաժողովների և Բայդենի վարչակազմի կողմից մի շարք հետաքննություններ սկսելուց հետո, ABC News-ին ասել է, որ մահափորձն «անընդունելի է»:
Հարցին, թե ով է կրում ամենամեծ պատասխանատվությունը, նա ասել է, որ, ի վերջո, Գաղտնի ծառայությունն էր պաշտպանում նախկին նախագահին։
«Պատասխանատվությունն ինձ վրա է,- ասել է Չիթլը:- Ես եմ Գաղտնի ծառայության տնօրենը»։
Միաժամանակ հայտարարել է, որ հրաժարական տալու մտադրություն չունի, և մինչ այժմ ԱՄՆ վարչակազմն աջակցում է նրան։
Դեմոկրատական նախագահ Ջո Բայդենը Չիթլի թեկնածությունը Գաղտնի ծառայության տնօրենի պաշտոնում առաջարկել էր 2022 թվականի օգոստոսին:
Դառնալով երկրորդ կինը, որ ղեկավարել է Գաղտնի ծառայությունը՝ Չիթլը նախորդ 27 տարվա ընթացքում բարձրացել է կարիերայի աստիճանով, նախքան 2021 թվականին PepsiCo-ում որպես անվտանգության ծառայության ղեկավար աշխատելու համար հեռանալը:
Բայց Բայդենը հետ վերադարձրեց նրան։
0Comments