Ընտանի կենդանի պահելու 4 պատճառ

Մանրամասներ
աղջիկ կատու

1. Սթրեսից ազատում

Վաղուց հայտնի է, որ սթրեսն ազդում է ինչպես մեր հոգեկան վիճակի, այնպես էլ` ֆիզիկական բարեկեցության վրա: Ցավոք սրտի, մեր շուրջը աշխարհը գնալով ավելի ու ավելի լարված եւ նյարդայնացնող է դառնում: Սթրեսը նվազեցնելու տարբեր միջոցներ կան, եւ դրանցից լավագույնը ընտանի կենդանի պահելն է:  Ընտանի կենդանիները մեզ ոչ պակաս աջակցություն են ապահովում, քան մտերիմ ընկերները: Ինքներդ դատեք. կատուն կամ շունը միշտ մատչելի է շփման համար, չես վախենում նրան արթնացնել կեսգիշերային զանգով եւ նրան կարելի է ինչ ասես, պատմել, առանց վախենալու, թե կդատապարտի քեզ:  Ընտանի կենդանին կօգնի ծանր աշխատանքային օրվանից հետո «լիցքաթափվել» եւ քեզ ավելի հանգիստ զգալ: Ավելին, երբ դուք սթրեսային վիճակում եք, ոչինչ այնքան վայրկենապես չի գրավի ձեր ուշադրությունը եւ ձեզ չի շեղի բացասական ապրումներից, ինչպես մի զույգ սիրող աչքերը եւ մեր կրտսեր եղբայրների` հոգատարության համառ պահանջը: Ընտանի կենդանիները պետք է խնամված եւ կերակրված լինեն, եւ ահա արդեն ժամանակ չկա անկյուն քշվելու եւ դառը մտքերի տրվելու. դուք ավելի կարեւոր գործեր ունեք: 

1

2. Մշտական շփում եւ սեր

Մարդիկ, նույնիսկ ամենաթանկ, ոչ միշտ են կողքիդ, երբ նրանց կարիքն ունեք: Նրանք իրենց կյանքն ունեն եւ իրենց գործերը, ապրումները եւ խնդիրները:  Բայց ընտանի կենդանիները մշտապես ձեր կողքին են. նրանք սեր եւ երախտագիտություն են ճառագում եւ երջանիկ են ձեր կողքին լինել: Նրանց կողքին դուք կարող եք լինել այն, ինչ կաք: Կարող եք պարել, ցատկոտել անկողնուն, նրանց տարբեր հիմարություններ ասել եւ ծիծաղելի խաղեր հորինել: Ոչ ոք ձեզ չի դատապարտի դրա համար: Ընտանի կենդանին ձեզ ավելի քիչ չի սիրի այն պատճառով, որ դուք իդեալական չեք անձնական կյանքում կամ որ բավականաչափ բարձր վարձատրվող աշխատանք չունեք:   Բացարձակ սերը լարվածությունից եւ ծանր մտքերից ազատվելու երաշխավորված միջոց է, սիրելի էակի հետ մշտական շփումը ցուցված է առողջության բարելավման համար:   Հետազոտությունները ցույց են տվել, որ դա ամրապնդում է իմունիտետը, դրականորեն է ազդում սրտի վրա, նվազեցնում է ֆիզիկական ցավը, ինչպես նաեւ բարելավում է հոգեկան վիճակը:    Գայլախտով հիվանդ մի ծանոթ երդվում է, որ այն կատուն, որին ձեռք է բերել իր ախտորոշումն իմանալուց հետո, 21 տարի շարունակ փաստացիորեն նրա պահապան հրեշտակն էր. եւ հիվանդը ուժեղ ցավեր չէր զգում, նրա մոտ շատ չէին զուտ ֆիզիոլոգիական խնդիրները, իսկ կարեւորը` հոգեկան հրաշալի վիճակը ինքնին նպաստում է խնդիրներից ազատվելուն: Եվ չնայած նրան, որ կատուն արդեն մահացել է, մարդը դեռ պատմում է, որ այդ կենդանու հանդեպ սերն իրեն օգնում է ամուր եւ առողջ մնալ:  

1

3. Զվարճություն

Ընտանի կենդանիները զվարճությունների անսպառ աղբյուր են: Նրանց կողքին ապրում է այնպիսի անհատականություն, որն իր սովորություններն ու քմահաճույքներն ունի եւ իր արարքներով ձեզ ստիպում է ծիծաղել: Շուն, կատու եւ թռչուն պահողները պնդում են, թե իրենց սիրելիները վառ եւ ինքնատիպ անհատականություններ են, եւ նման կարծիքը մեզանից ոչ մեկի համար զարմանալի չէ: 

4. Պատասխանատվություն

Անկախ այն բանից, թե դուք կատու կպահեք, թութակ թե ոզնի, ձեզանից կպահանջվի հոգ տանել նրան: Ձեզանից կախվածություն ունեցող կենդանի արարածի  համար պատասխանատվությունը կօգնի ավելի լրջորեն վերաբերվել նաեւ ձեր կյանքի այլ ոլորտների: Դա հատկապես վերաբերում է երեխաներին, որոնց այնքան հեշտ է ճիշտ, բայց ամենօրյա սովորույթներ ներարկել:  Այնուամենայնիվ, երեխայի դաստիարակության տեսանկյունից, ընտանի կենդանու համար պատասխանատվությունը նրան վստահելն անկասկած առողջ եւ օգտակար քայլ է:  Իհարկե, դուք ստիպված կլինեք ձեր երեխաներին ապահովագրել եւ հիշեցնել, թե նրանք ինչ պետք է անեն իրենց կենդանիների համար:  Կարեւորը հետեւողական լինելն է: Դուք երեխային կատու եք նվիրել, որովհետեւ նա խոստացել է հո՞գ տանել կենդանուն:  Ուրեմն կատվի կերակրամանը լվանալը եւ սննդի համար խանութ գնալը ինքնաբերաբար դառնում է երեխայի պարտականությունը: Կարող եք նրան օգնել, բայց չպետք է ստանձնեք նրա գործառույթները: