Ես պատրաստ եմ օրը 24 ժամ համագործակցել իրավապահների հետ. Շուշանիկ Ներսիսյան

իրոք հրավիրվել եմ ԱԱԾ, բայց վկայի կարգավիճակով

Այսօր մամուլը գրել էր, որ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը (մամուլում նա առավել հայտնի է Նակոլկա Շուշո անունով) հրավիրվել է ԱԱԾ և մոտ 10 ժամ հարցաքննվել: Թերթը գրել էր, որ Ներսիսյանը ԱԱԾ էր հրավիրվել մաքսայինում տեղի ունեցած չարաշահումների գործով:

Ըստ աղբյուրի այդ չարաշահումներն իրավապահներին չեն ներկայացվել, եւ հնարավոր է՝ դրամում կա նաև Ներսիսյանի մեղքը:  ArmDaily.am-ի հետ զրույցում Շուշանիկ Ներսիսյանը հաստատեց, որ ԱԱԾ-ում եղել է. «Այո, իրոք հրավիրվել եմ ԱԱԾ, բայց վկայի կարգավիճակով՝ գործն ինձ չի վերաբերում և նախաքննական գործընթացին չխոչնդոտելու համար չեմ կարող մանրամասներ տրամադրել, իսկ ինչ վերաբերում է 10 ժամ ԱԱԾ-ում մնալուն, 10 էլ չէ 24 ժամ պատրաստ եմ համագործակցել բոլոր իրավապահ մարմինների հետ»:  ՊԵԿ փոխնախագահը չբացառեց, որ մամուլի հրապարակումները իր աշխատանքի վրա ճնշում գործադրելու փորձ է. «Մամուլի այս հետևողական հետապնդումները հնարավոր է կապված լինեն բրոկերական տարբեր գրասենյակների իրական սեփականատերերի անհանգստությունից, բայց որքան էլ հետապնդեն կամ չհետապնդեն դա իմ գործի վրա չի անդրադառնայու և ամեն ինչ մինչև վերջ բացահայտվելու է: Ինձ նորաբաց բրոկերականի հետ կապելը, ըստ իս, ևս մի անհաջող փորձ է իմ աշխատանքի վրա ճնշում գործադրելու»: