Լրատվամիջոցները կապ չունեն

Քաղաքապետարանի վերահսկողական վարչության հայտնաբերած խախտումները վերաբերում են ենթավարձակալներին

Լրատվամիջոցներ-քաղաքապետարան կոնֆլիկտի առաջին փուլը չավարտված՝ կարծես թե նշմարվում է երկրորդ փուլի սկիզբը։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը երեկ երեկոյան տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացնում համայնքի սեփականություն հանդիսացող Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքում վարձակալության կամ անհատույց հիմունքներով տրված տարածքների՝ պայմանագրերով ամրագրված և փաստացի առկա իրավիճակի համադրման նպատակով: Ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել առերևույթ իրավախախտումներ: Տվյալները փոխանցվել են Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչություն։

Նշենք, որ սա այն հասցեն է, որտեղ տեղակայված են ու անհատույց գործունեություն են ծավալում մի շարք լրատվամիջոցներ, հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ։ Իսկ օրերս քաղաքապետարանը բոլոր այդ կազմակերպութուններին ու լրատվամիջոցներին, որոնք տարածքը տնօրինում են անհատույց, ծանուցում էր ուղարկել և մեկ ամիս ու հինգ օր ժամանակ էր տվել տարածքն ազատելու համար։
Իսկ լրատվամիջոցները այդ ծանուցումից հետո տեղեկացրին, որ այդ տարածքները իրենց տրամադրվել են ավագանու որոշմամբ, որոշների դեպքում պայմանագրերի ժամկետը երկու տարով երկարաձգվել է կրկին ավագանու որոշմամբ, և հիմա քաղաքապետարանը չի կարող իրենց վերջնագիր ներկայացնել։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ևս մեզ հետ զրույցում ասել էր, որ քաղաքապետարանի այդ ծանուցումները օրինական չեն, քանի որ տարածքները լրատվամիջոցներին տրամադրվել են ավագանու որոշմամբ, և հետ կարող են վերցնել բացառապես ավագանու որոշմամբ կամ պայմանագրերի ավարտից հետո միայն։ Իսկ այն, ինչ ներկայում տեղի է ունենում, Խաժակյանը որակել էր որպես քաղաքապետի կողմից լիազորությունների վերազանցում։

Ինչ վերաբերում է արդեն քաղաքապետարանի վերահսկողական վարչության հայտնաբերած խախտումներին, ապա « Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանն ասաց, որ հայտնաբերված խախտումները որևէ կերպ չեն վերաբերում այդ շենքում գործունեություն ծավալող լրատվամիջոցներին։ Դա վերաբերում է այն մարդկանց, ովքեր տարածքը քաղաքապետարանից վարձակալությամբ են վերցրել և ենթավարձակալության են տվել այդ տարածքները։ Այսինքն՝ իրենք վերցրել են տարածքը, սակայն իրենք այդ տարածքում գործունեություն չեն ծավալել, այլ վարձակալությամբ տարածքը հանձնել են ուրիշ այլ կազմակերպության։ «Խոսքը առանձին անհատների մասին է, որոնց մեջ լրատվամիջոցները, բնականաբար, չկան։ Պարզապես քաղաքապետարանի ներկայացուցիչները խորամանկորեն այնպես էին ձևակերպել այդ հաղորդագրությունը, որ մարդիկ կարդան և ենթադրեն, որ այդ տարածքում գործունեություն ծավալող լրատվամիջոցները ինչ-որ խախտումներ են թույլ տվել»,- ասաց Արմինե Օհանյանը։

Անդրադառնալով բուն լրատվամիջոցների զբաղեցրած տարածքներին՝ Օհանյանը նշեց, որ քաղաքապետարանը որևէ կոմպրոմիսի չի գնացել, որևէ քննարկում չի իրականացրել, որևէ տարբերակ չի առաջարկվել: «Գործընթաց չկա։ Վերջինը եղել են այն ծանուցագրերը, որոնք ուղարկվել են մեզ»,- ասաց «Հրապարակ»-ի խմբագիրն ու հավելեց, որ իրենք առայժմ որևէ գործողություն չեն նախաձեռնի:

«Դրանք ապօրինի պահանջներ են, բայց մենք դատարան կարող ենք դիմել և բողոքարկել միայն դատարանի կողմից վտարման որոշումներ ստանալու դեպքում։ Իսկ այս պահին նման որոշում չկա, իրենք դատարան չեն մտել, դրա համար մենք էլ ենք ձեռնպահ մնում որևէ քայլ անելուց։ Երբ որ իրենք կմտնեն դատարան, այն ժամանակ էլ մենք քայլեր կձեռնարկենք»,- եզրափակեց Արմինե Օհանյանը։

Տարածքում գործունեություն ծավալող այլ լրատվամիջոցների ղեկավարներ ևս հաստատեցին, որ ստուգումները և խախտումները լրատվամիջոցներին չեն վերաբերում։

Հիշեցնենք, որ օրերս մի խումբ լրագրողական կազմակերպոթյունների ներկայացուցիչներ հանդես էին եկել հայտարարությամբ և կառավարությունից պահանջել անդրադառնալ ԶԼՄ-ներին տարածքներ տրամադրելու խնդրին և համակողմանի ու լայն քննարկումների միջոցով գտնել հավասարակշռված լուծումներ։ Իսկ Երևանի քաղաքապետարանից պահանջել էին դադարեցնել սկսած գործողությունները և չեղարկել ԶԼՄ-ներին ներկայացված պահանջները, նախաձեռնել քննարկումներ և բանակցություններ լրատվամիջոցների ղեկավարների հետ՝ առաջարկելով մոտեցումներ հետագայում հարցի համակողմանի լուծման համար։

«Կոչ ենք անում լրատվամիջոցների ղեկավարներին չդրամատիզացնել իրավիճակը և, հաշվի առնելով պաշտոնական պարզաբանումները, բանակցել քաղաքապետարանի հետ՝ ներկայացնելով սեփական առաջարկություններն ու պահանջները։ Պատրաստ ենք օգտակար լինել այդ գործընթացին՝ ներկայացնելով մեր տեսակետներն ու լուծումները»,- ասված էր հայտարարության մեջ։

Նյութի աղբյուր՝ 1in.am