Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ավտոճանապարհը իրենց բողոքը՝ հայտնելով սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն և ըստ որի Տավուշի մարզից 4 գյուղ պետք է հանձնվի Ադրբեջանին։
«Ուզում ենք, որ սա օրինակ դառնա, ժողովուրդը քնած է, տեղներից իրար չեն գալիս։ Սա բոլորի խնդիրն է, սա մեր երկրի ցանկացած քաղաքացու խնդիրն է, պետք է բոլորն էլ ոտքի կանգնեն, ամենքը վախեցած, նստած են։ Չի՛ կարելի այդպես, Տավուշից վերջացրին, վաղը Գեղարքունիք են գալու։ Մենք ոչ մեկին հող չունենք տալու։ Այստեղ ոչ մի կուսակցական հարց չկա, թող ոչ մի կուսակցական խաղեր չտան այստեղ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ հարցը վերաբերում է բոլորին՝ առանց տարբերակում դնելու։
«Ի՞նչ տավուշեցի, ի՞նչ ղարաբաղցի, ի՞նչ գեղաքունիքցի, բոլորս էլ մեկ ենք, մենք հայրենիք ունենք, հայրենիք սիրող ենք, որ ասում են՝ ինչ անենք, ում կողքին կանգնենք, եկե՛ք՝ իրար կողք կանգնենք։
Զենքերը հավաքել են՝ ասում են ձայն մի՛ հանեք, ամողջ երկիրը կտոր-կտոր տվեցին՝ ասում են սուվերեն տարածքին չենք կպնում։ Վաղը կարող է գան, ասեն Սևանն էլ սուվերեն տարածքի մեջ չի մտնում, տալիս ենք։ Մենք բոլորով տավուշցիների կողքին ենք, տարբերություն չենք դնում, ով դուրս եկավ, բոլորին անուն դրեցին, թող փորձեն հիմա դնեն, ով անուն է դնում, թուրքի կողմից է»,- ասաց մեկ այլ քաղաքացի։
Լրագրողի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ տարածքները չհանձնելու դեպքում կարող է պատերազմ սկսել, քաղաքացին ասաց․
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
0Comments