Կլաարը մեկնաբանել է ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի գնդակոծությունը

Մանրամասներ
սահման դիրք առաջնագիծ

Վրաստանում և Հարավային Կովկասում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկնաբանել է ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի գիշերային գնդակոծությունը։

«Չնայած ռազմական տեղաշարժերի մասին որոշ պնդումներին, հուսադրող է, որ ԵՄ առաքելությունը Հայաստանում ի վիճակի է հերքել դրանք։ Սա նաև մնում է չօգտագործված ռեսուրս, որն օգնում է վերացնել թյուրիմացությունները և սխալ պատկերացումները և կարող է լավ ծառայել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Ավելի վաղ Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը (EUMA) հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ պարեկություն է իրականացրել Սոթքի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսեսի տարածքներում։ Այս մասին ասվում է առաքելության հայտարարության մեջ։

«Հաղորդվում է, որ իրավիճակը կայուն է և հանգիստ», - ասվում է EUMA-ի հայտարարության մեջ:

Այսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ինտենսիվությամբ կրակ են բացել Հայաստանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ՝ սահմանային գոտու մի շարք ուղղություններով։ 

Մասնավորապես, ժամը 22:25-ից 22:50-ին կրակ է բացվել Սոթք գյուղի (Գեղարքունիքի մարզ), ժամը 23:15-ին` Վերին Շորժա գյուղի (Գեղարքունիքի մարզ), ժամը 00:15-ին ք. Կուտ գյուղի ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ), ժամը 23:15-23:20-ին՝ Արավուսի (Սյունիքի մարզ), 23:05-23:20-ին՝ Չինարի (Տավուշի մարզ) գյուղի ուղղությամբ, ժամը 00:15-01:20-ին Մովսես (Տավուշի մարզ) գյուղի տարածքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Հատկանշական է, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակոցների ճնշող մեծամասնությունը եղել է ոչ նպատակային և անկանոն։

Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները ժամը 21:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում Իշխանասարի ուղղությամբ նկատել են նաև ադրբեջանական զինուժի մեքենաների ակտիվ տեղաշարժ։

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի այս գործողությունները սադրիչ նպատակ ունեին՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից նմանատիպ պատասխան գործողությունների հասնել՝ վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հաստատող» փաստեր ձեռք բերելու նպատակով։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրավիճակը, չեն ձեռնարկել գործողություններ, որոնք կնպաստեն հետագա սրմանը, ինչից հետո սահմանին իրավիճակը հանդարտվել է։

ՀՀ ՊՆ-ն հայտնում է նաև, որ ադրբեջանական քարոզչամեքենան նախօրեին կեղծ տեղեկություններ էր տարածել՝ փորձելով հայկական ԶՈւ ստորաբաժանումների սովորական հերթափոխը ներկայացնել որպես առաջնագծում իբր կուտակում։

Կատարելով բաց աղբյուրների մոնիտորինգ և վերլուծություն՝ ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումը արձանագրել է, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում հաճախակիացել են ադրբեջանական մամուլից հայկական տեղեկատվական դաշտ նետված ապատեղեկատվության տարածման դեպքերը, ուստի մեր հայրենակիցներին հորդորում ենք լինել զգոն և հետևել պաշտոնական լուրերին։ Պաշտպանության նախարարությունը պատշաճ կերպով տեղեկացնում և կշարունակի տեղեկացնել հանրությանը հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։