Տավուշի հատվածում ունենք հողեր, որոնք ենթադրվում է, որ պետք է վերադարձվեն մեզ. նախարար

Մանրամասներ
Գնել Սանոսյան

Տավուշի հատվածում էլ ունենք հողեր, որ, ըստ այդ քարտեզների, ենթադրվում է, որ պետք է վերադարձվեն մեզ:

Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց Տարածքային ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են սահմանագծումը, սահմանազատումը սկսել իրականացնել հենց Տավուշից և ոչ թե, օրինակ՝ Ջերմուկից, որտեղ ՀՀ-ի տարածքները օկուպացված են։

«4 գյուղերի վերադարձման հետ կապված որոշումներ դեռ չկան։Խոսքը երկու երկրների համապատասխան հանձնաժողովների աշխատանքի մասին է, որը միտված է, որ երկու երկրների միջև տեղի ունենա սահմանազատման, սահմանագծման պրոցես։ Դինամիկա կա, հանդիպումներ են լինում, կողմերը վերադառնում են իրենց մոտ, պրոցես է, չգիտեմ՝ երբ է հաջորդ հանդիպումը»,-նշեց նախարարը:

Ըստ Սանոսյանի՝ տեղի բնակչության անորոշության պատճառն այն է, որ որոշ մարդիկ փորձում են անորոշ, անհասկանալի լուրեր տարածել։ Վարչապետի միտքը եղել է շատ պարզ, որ հաջորդ հանդիպմանը նույնիսկ կարող է ինքը գալ, եթե կա այնպիսի նորություն կամ փոփոխություն, որ կարող է ինքն արտահայտել։ Քանի որ որոշում չկա, փոփոխություն չկա, ամեն օր հանդիպման կարիք միգուցե չկա։ Բայց գրեթե ամենօրյա ռեժիմով կա՛մ Ոսկեպարում, կա՛մ մարզպետարանում կան հանդիպումներ, պարզաբանումներ:

 «Սահմանին մոտ անցնող հատվածներում կան ենթակառուցվածքներ՝ կարող է լինել գյուղի ջրագիծ կամ գազատար, հիմա պետք է հասկանանք սահմանազատման գործընթացից հետո, երբ սահմանապահները կանգնեն՝ որտե՞ղ են կանգնելու, իրար մոտի՞կ են կանգնելու, թե՞ ինչ-որ չափով հեռու, կառաջանա՞ չեզոք գոտի, թե՞ ոչ, եթե չեզոք գոտի առաջանա, այդ հատվածում ենթակառուցվածք կլինի՞, թե՞ ոչ։

Հիմա կա պարզ կազմակերպչական աշխատանք, որը մի շարք գործոններից է բաղկացած և ամեն գերատեսչություն ունի հանձնարարական, որ երկու հարևան երկրներ այս պրոցեսով անցնեն, ինչ հարցեր կարող են առաջանալ»,-հավելեց Սանոսյանը: