ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել երկրի Կոնգրեսին ընդունել սահմանային անվտանգության ամենախիստ բարեփոխումները։
«Ներկայացուցիչների պալատը պետք է ընդունի ազգային անվտանգության հարցով երկկուսակցական լրացում` մեր ազգային անվտանգության շահերն առաջ մղելու համար: Եվ Կոնգրեսը պետք է ընդունի սահմանների անվտանգության երկկուսակցական համաձայնագիր, ամենակոշտ և ամենաարդար բարեփոխումները վերջին տասնամյակների ընթացքում, որպեսզի ապահովի սահմանների անվտանգության համար անհրաժեշտ քաղաքականությունը և ֆինանսավորումը: Եկել է դա անելու ժամանակը»,- նշվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ:
Միաժամանակ, Բայդենն ընդգծել է, որ իր կողմից ավելի վաղ ստորագրված 1,2 տրիլիոն կառավարական ֆինանսավորման մասին օրինագիծը փոխզիջում է, «այսինքն, կողմերից ոչ մեկը չի ստացել այն ամենը, ինչ ցանկանում էր»:
«Սակայն այն մերժում է Ներկայացուցիչների պալատի հանրապետականների առաջարկած ծայրահեղ կրճատումները և ընդլայնում է երեխաների խնամքի հասանելիությունը, ներդրումներ է կատարում քաղցկեղի հետազոտության մեջ, ֆինանսավորում է հոգեկան առողջության և թմրամիջոցներից բուժման ծառայությունները, ամրապնդում է ամերիկյան առաջնորդությունը արտասահմանում և ռեսուրսներ է տրամադրում սահմանների անվտանգության համար, ինչի համար իմ վարչակազմը հաջողությամբ պայքարել է: Սա լավ նորություն է ամերիկացի ժողովրդի համար»,- ասել է ԱՄՆ նախագահը։
0Comments