Աշոցքում և Ծաղկահովիտում -17․․․-18 աստիճան ցուրտ է գրանցվել․ Ջերմուկում՝ 90 սմ բարձրությամբ ձյան ծածկ

Մանրամասներ
եղանակ ձյուն

Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ անցած գիշեր, հատկապես Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, դիտվել են ձյան առատ տեղումներ:

Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը՝

▪️Ջերմուկում կազմել է 90սմ,

▪️Հրազդան-Ֆանտան հատվածում՝ 35-40սմ, ▪️Գորիսում, Կապանում և Սիսիանում՝ 20-25սմ, ▪️Մեղրիում՝ 15սմ:

▪️Արարատյան դաշտում ձյան ծածկը բացակայում է:

Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ անցած գիշեր օդի ջերմաստիճանը նվազել է 6-10 աստիճանով: Նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է Աշոցքի և Ծաղկահովտի հատվածներում՝ -17…-18 աստիճան ցուրտ:

Այսօր երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն և առաջիկա 3 օրերին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 15-ի ցերեկվանից սկսած մինչև 17-ը ներառյալ հարավ-արևմուտքից հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կբարձրանա 12-16 աստիճանով, իսկ հանրապետության մյուս մարզերում, այդ թվում Երևանում՝ 6-10 աստիճանով: