Առաջարկում եմ ձեւավորել պատգամավորական խումբ՝ Սիրիա մեկնելու նպատակով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նա նշել է.
«Փետրվարի 8-ից հայկական հումանիտար առաքելությունը գտնվում է Սիրիայի Արաբական Հանրապետությունում։ Հայաստանի կողմից Սիրիա առաքելություն ուղարկելու քայլն արժանացավ հակասական, իրարամերժ գնահատականների՝ ներառելով արտաքին քաղաքական ամենատարբեր շերտեր։ Այդ գնահատականների, հայտարարությունների ու կարծիքների հորձանուտում երկրորդական պլան մղվեցին բուն առաքելության ներկայացուցիչների՝ խմբի 83 անդամների անվտանգությանն առնչվող հարցերը։ Դրան զուգահեռ մենք ունենք նաեւ սիրիահայ համայնքի անվտանգության խնդիրները, որոնք առկա էին ինչպես առաքելության ուղարկումից առաջ, այնպես էլ այսօր։
Այս խնդիրներով պայմանավորված՝ ես, որպես ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, առաջարկում եմ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներից ձեւավորել պատգամավորական խումբ՝ Սիրիա մեկնելու, մեր առաքելության անդամներին հանդիպելու եւ տեղում նրանց խնդիրներին ծանոթանալու նպատակով։
Առաջարկս պահանջվող ընթացակարգերով կհասցեագրեմ նաեւ ԱԺ նախագահին եւ համապատասխան հանձնաժողովներին»:
0Comments