Երևանի կենտրոնը բեռնաթափելու մեթոդները տարբեր են, կարող եք վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել կենտրոնում երթևեկել ոչ թե ավտոշարասյունով, այլ՝ հեծանիվով, որի փորձն ունի։
Քաղաքապետարանում ավտոկայանատեղերի վճարման թանկացման թեմայով քննարկման ժամանակ ասաց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։
«Տեսել ենք, որ Փաշինյանը կարողանում է հեծանիվով երթևեկել և վթարային իրավիճակ չի առաջացել։ Հաշվարկե՞լ եք՝ Փաշինյանի ավտոշարասյունով կենտրոնում երթևեկելն ինչ խցանումներ է առաջացնում և արդյոք այդ խցանումներն ավելի մեծ չեն, քան կարմիր գծերի պատճառով առաջացած խցանումները»,- հարց բարձրացրեց Ղազարյանը։
Նրա դիտարկմամբ՝ իշխանությունը միայն թանկացնում է կենտրոնում կայանելը, այլընտրանք քաղաքացուն չի առաջարկում։
Ղազարյանը նաև նկատեց, որ կենտրոնը բեռնաթափելու իշխանության նպատակն ազնիվ է, բայց վճարները բարձրացնելու որոշումն է սխալ։
Երևանի քաղաքապետարանը մտադիր է կտրուկ բարձրացնել ավտոմեքենաների կայանման վճարը: 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում կարմիր գծերում մեքենա կայանելու գինը տարեկան 12,000 դրամի փոխարեն կդառնա 160,000 դրամ։ Նախագիծը դրվել է հանրային քննարկման։
Ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով: Առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել Ա և Բ գոտիներ:
Ավտոկայանատեղերի թանկացման նախագիծը հանրության շրջանում բուռն քննադատության առիթ է դարձել։
0Comments