Անկլավների հարց, այո կա, բայց ի՞նչ է նշանակում այդ հարցը և որտեղից կա և ինչու կա:
Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե ես ուզենամ էլ, չեմ կարող ասել, որ նման հարց չկա:
Եթե ասենք անկլավի հարց չկա, ուրեմն պետք է ասենք, որ էքսկլավի հարց էլ չկա:
Խաղաղության պայմանագրի սկզբունքներից մեկն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի տրածքների վրա, և երբ ասում ենք Հայաստանի 29 800 քկմ տարածք, դրա մեջ չեն մտնում այն էքսկլավ/անկլավները, որոնք ԽՍՀՄ ժամանակ պատկանել են Ադրբեջանին և Հայաստանի 29 800 քկմ-ի մեջ մտնում է Արծվաշենը, որը էքսկլավ է շրջափակված Ադրբեջանի տարածքով:
Երբ մենք Արծվաշենի հարցը բարձրացնում ենք, Ադրբեջանն էլ իր հերթին բարձրացնում է այն անկլավների հարցը, որն իր բնութագրմամբ և ԽՍՀՄ քարտեզներով ու որոշումներով դե յուրե գոյություն են ունեցել»,- ասել է Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ նախ պետք է այդ էքսկլավի տարածքը գծել, վերահաստատել:
Հետո, որ մենք անմիջական սահման Արծվաշենի հետ չունենք, ո՞նց ենք մեր սահմանից մինչև Արծվաշեն տարածքն անցնելու, համապատասխանաբար Ադրբեջանն էլ իր պարագայում:
Այստեղ առաջանում են շատ խնդիրներ:
«Այստեղ կարելի է այլ լուծում գտնել, որ այն էքսկլավները, որոնք պարփակված են Հայաստանի տարածքով, սկսում են համարվել դե յուրե ՀՀ տարածք, այն տարածքները, որոնք պարփակված են Ադրբեջանի տարածքով, սկսում են համարվել Ադրբեջանի տարածք:
Բայց այս ամենը արդեն կոնկրետ պայմանագրի թեմա է, որը պետք է նաև ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացվի»,- ընդգծեց Փաշինյանը:
0Comments