Հրադադար չկնքելու հնարավորություն չկար, մեծ կոտորած կլիներ, նպատակն ամբողջական ցեղասպանությունն էր։ ՌԴ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ- ն ամեն մեկն իր չափով կանաչ լույս էին վառել Ադրբեջանի ագրեսիայի համար։ Բաքուն գրադով խփել էր տարբեր գյուղերի, որոնցից ոչ հեռու զորամասեր կային, նրանք ճշգրիտ հրթիռներ, անօդաչուներ կարող էին կիրառել, բայց քաղաքացիներին էին թիրախավորվել, որ վախի մթնոլորտը խորացնեին։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Բեգլարյանի խոսքով, Արցախը միայնակ էր մնացել պայքարում, Արցախի համար վճռական եղավ նաև Պրահայի հայտարարությունը․
«ՀՀ-ն չպետք է Արցախը ճանաչեր Ադրբեջանի կազմում, գլխավոր ռազմավարական սխալը դա էր, այդպես մեսիջ տրվեց Ադրբեջանին, որ այլևս ՀՀ-ն Արցախին վերաբերող հարցերին չի խառնվելու, հնարավորություն է տրվել ՌԴ-ին ու Արևմուտքին նշաձողը իջեցնել։ Ալիևը մեկ-երկու օր հետո հրապարակային ողջունեց, որ ՀՀ-ն իրեն կառուցողական է պահել ագեսիայի ժամանակ։ Նշանակում է, որ իրենք մտավախություն ունեին, որ ՀՀ-ն հնարավոր է փորձի գործիքներ կիրառի, որ պաշտպանի Արցախի ժողովրդին, բայց նույնիսկ դա չարվեց, Հայաստանը նախապես պետք է կանխեր այդ գործողությունները, բայց արդյունքում ստացանք սա»,- ավելացրեց նա։
Անդրադառնալով պատերազմի ժամանակ հրադադարի հայտարարությանը` Բեգլարյանը նշեց, որ այդ ժամանակ պաշտոնյա չի եղել և շատ մանրամասների չի տիրապետել, բայց փաստ է, որ Արցախը միայնակ էր մնացել, իսկ ադրբեջանական զորքերը խորանում էին երկրի խորքը․ «Այնպիսի իրավիճակ էր, որ ով էլ լիներ Արցախի Հանրապետության ղեկին, ասեին, ստորագրի, որ Քենեդուն դու ես սպանել, պետք է ստորագրեր»։
Նախկին պետնախարարի համոզմամբ, Հայաստանը պետք է դիրքորոշում ձևավորի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետ կապված, միտում է տեսնում, որ Արցախի հարցը փակվի, բայց իրականում պետք է նշաձողը բարձրացվի, որի իրավական հիմքերը կան։
«ՀՀ բոլոր ազդեցիկ կառույցները պետք է ազդեն ՀՀ իշխանության դիրքորոշման վրա, որպեսզի Արցախի ժողովրդին վերադարձի իրավունք և միջազգային երաշխքիներ տրվեն»։
Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում
0Comments