Պուտինն ու Լուկաշենկոն ավարտել են 3-օրյա բանակցությունները

Քննարկվել են հումանիտար և սոցիալական ոլորտի թեմաները, երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, այդ թվում նաև պետությունների ղեկավարների փոփոխությունից հետո

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ավարտել են բանակցությունները, որոնք մեկնարկել էին Սոչիում փետրվարի 13-ին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

3 օր բանակցությունների ընթացքում երկու երկրների առաջնորդները երկկողմ համագործակցության տարբեր հարցեր են քննարկել՝ հասցնելով դահուկ քշել և հոկեյ խաղալ:

Եռօրյա բանակցությունների ընթացքում հարկային մանևրի հարցն այդպես էլ չի քննարկվել՝ չնայած նրան, որ այդ հարցով Մինսկի դժգոհությունները դեկտեմբերի 25-ին և 29-ին կայացած նախատոնական հանդիպումների պատճառ դարձան:

Լուկաշենկոն նշել է, որ քննարկվել են հումանիտար և սոցիալական ոլորտի թեմաները, երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, այդ թվում նաև պետությունների ղեկավարների փոփոխությունից հետո:

Լուկաշենկոն խոստովանել էր, որ իրեն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մտահոգում է միութենական պետության ճակատագիրը պաշտոններից իրենց հեռանալուց հետո: «Մենք բացահայտ ասել ենք, որ մենք հավերժ չենք, որ ինչ-որ պահի հեռանալու ենք»,- ասել էր Լուկաշենկոն: