«Եթե բանը հասնի դատարան, ապա Լիլիթ Մակունցը շատ պատասխաններ պետք է տա». Վիգեն Ստեփանյան

Ես այդ հանդիպմանը ներկա չեմ եղել, ամեն ինչ ինձ պատմել է 50-ն անց ջութակահարուհի մի կին, որը հանդիպմանը ներկա է եղել

Մշակույթի նախկին նախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատրաստվում է դատի տալ ՀՀ վաստակավոր արտիստ Վիգեն Ստեփանյանին, քանի որ, ըստ Մակունցի՝ դերասանն ասել է այնպիսի բաներ, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն: Նա ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս տեսանյութում (22-րդ րոպեից) հարգարժան դերասան Վիգեն Ստեփանյանն ինձ վերագրում է խոսքեր, որոնք իբրև ասել եմ Միացյալ Նահանգներում հայ արվեստագետների հետ հանդիպման ժամանակ: Դիմում եմ պարոն Ստեփանյանին հետևյալ կոչով. կա՛մ ապացուցում եք, որ ես նման բան եմ ասել, կա՛մ հրապարակավ ներողություն խնդրում ինձանից: Հակառակ պարագայում զրպարտության համար համապատասխան ընթացակարգով դիմելու եմ դատարան: Ի դեպ, այդ հանդիպումը տեսագրվել է»:

168.am-ի հետ զրույցում Վիգեն Ստեփանյանն անդրադառնալով Մակունցի գրառմանը՝ նշեց, որ ասել է այն, ինչ իրեն պատմել են։

«Ես այդ հանդիպմանը ներկա չեմ եղել, ամեն ինչ ինձ պատմել է 50-ն անց ջութակահարուհի մի կին, որը հանդիպմանը ներկա է եղել։ Նա իմ լավ բարեկամն է, եթե նա հնարել է կամ խաբել, ապա ես կընդունեմ, որ սխալ եմ եղել և ասել չստուգված տեղեկատվություն։ Այդ կնոջ հետ այսօր կապ կհաստատեմ և կպարզեմ, թե ինչ է եղել»,- ասաց Վիգեն Ստեփանյանը։

Ըստ նրա, եթե պարզվի, որ սխալ տեղեկատվություն է ասել, ապա ներողություն կխնդրի Մակունցից, սակայն, նրա խոսքով, եթե գործը հասնի դատարան, ապա Լիլիթ Մակունցը շատ պատասխաններ պետք է տա արդեն ոչ թե՝ ասեկոսեների, այլ՝ իրական փաստերի համար։

«Այդ 8 ամիսների ընթացքում՝ երիտասարդ փոխնախարարներով և չգիտեմ ինչերով, ի՞նչ աշխատանք են արել, արդյոք մշակել են այն մշակութային ծրագրերը, որոնք այսօր առավել քան կարևոր են։ Ես չեմ վախենում պատասխանատվությունից»,- շեշտեց Վիգեն Ստեփանյանը։

Նրա բնորոշմամբ՝ արդեն որևէ բանի վրա չի զարմանում, քանի որ, եթե խորհրդարանում «նախկին ընկերներն այսօր միմյանց հետ խոսում են մատ թափ տալով, ապա ամեն ինչ կարելի է սպասել»։