Պատճառը «Ակվատեկի»՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի չլինելն է, ոչ թե վերաբերմունքը․ ՄԻՊ

Մանրամասներ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է «Ակվատեկ»-ում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները։

«Վանաձորից Երեւան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը «Ակվատեկ» մարզաառողջարանային համալիր արգելելու վերաբերյալ տեղեկությունը սոցցանցերում հայտնվելուց հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմին անմիջապես հանձնարարել է զբաղվել վերոնշյալ խնդրով՝ պատճառները պարզելու համար: Փաստական հանգամանքները պարզելու նպատակով կապ է հաստատվել կողմերի հետ։

Ըստ ներկայացված տվյալների՝ «Ակվատեկ» եւ «Ջրաշխարհ» ժամանցի վայրերը պատկանում են նույն ընկերությանը։  «Ակվատեկ»-ը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձաց կարիքներին: Ստացված տվյալները վկայում են նաեւ, որ այդ օրը հնարավոր չի եղել ապահովել հաշմանդամություն ունեցող ութ անձանց միաժամանակյա մուտքը տարածք եւ անվտանգ ժամանցը։ Դրանով պայմանավորված՝ վերջիններիս առաջարկվել է օգտվել «Ջրաշխարհ»-ում տրամադրվող ծառայություններից։

Կողմերի հետ Պաշտպանի աշխատակազմի իրականացրած հեռախոսազրույցների, ինչպես նաեւ համացանցում լրատվամիջոցներին կողմերի հայտնած տեղեկությունների վերլուծության արդյունքում պարզվել է. հաշվի առնելով տարածքի բացօթյա լինելը եւ եղանակային պայմանները՝ Վանաձորից ժամանած խումբը չի օգտվել «Ջրաշխարհ»-ի ծառայություններից։

Ձեռք բերված տվյալների հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ միջադեպի  պատճառը ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքն է, այլ՝ ընկերությանը պատկանող «Ակվատեկ» ժամանցի վայրի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի չլինելը, ինչը Հայաստանի Հանրապետությունում կրում է համընդհանուր բնույթ։

Պաշտպանը՝ որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկումն իրականացնող պաշտոնատար անձ՝ բազմիցս անդրադարձել է մատչելիության սկզբունքի ապահովման անհրաժեշտությանը՝ շեշտելով խոչընդոտների եւ արգելքների բացահայտման եւ վերացման ուղղությամբ աշխատանքների իրականացման կարեւորությունը։

Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում եւս մեկ անգամ ընդգծել, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ձեւավորմանն ուղղված միջոցառումներն իր անմիջական ուշադրության կենտրոնում են։ Աշխատակազմը շարունակում է իրականացնել այս ոլորտի օրենսդրական դաշտի եւ պրակտիկայի կատարելագործմանն ուղղված աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրությունում։