Եվրագավաթներում ամենաշատ մրցանակային գումար վաստակած թիմերը՝ նախորդ մրցաշրջանի արդյունքներով

Մանրամասներ

Associated Press-ը հրապարակել է 2021/22 մրցաշրջանում եվրագավաթներում ամենաշատ մրցանակային գումար վաստակած թիմերի վարկանշային աղյուսակը։

Առաջատարը Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող Մադրիդի «Ռեալն» է։ Մադրիդյան ակումբը վաստակել է 133,7 մլն եվրո։ Այս գումարը ներառում էր մրցաշարին մասնակցելու բազային վճարը, արդյունքներից ստացած բոնուսը և հեռարձակման իրավունքների համար վճարումը:

«Լիվերպուլը», որը եզրափակչում պարտվել է «Ռեալին» Չեմպիոնների լիգայի եզրափակչում, զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ընդհանուր 120 մլն եվրո եկամուտով:

100 միլիոնից ավելի են վաստակել նաև Մյունխենի «Բավարիան» (110 միլիոն) և «Մանչեսթեր Սիթին» (109 միլիոն): Լավագույն հնգյակը եզրափակում է ՊՍԺ-ն (92 մլն)։

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մասնակիցները միջինը վաստակել են 61,8-ական միլիոն եվրո, ամենաքիչը վաստակել է Մոլդովայի չեմպիոն «Շերիֆը»՝ 23,7 միլիոն։

Եվրոպա լիգայում ամենաշատը վաստակել է մրցաշարը հաղթած «Այնտրախտը»՝ 38 միլիոն, Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Ռոման» ստացել է 19,2 միլիոն։

Կանանց Չեմպիոնների լիգայում բաշխվել է մոտ 24 միլիոն եվրո մրցանակային գումար: Տիտղոսակիր «Լիոնը» ստացել է 1,46 միլիոն եվրո, իսկ վերջինիս պարտված «Բարսելոնան» ստացել է 1,27 միլիոն եվրո: