Թաիլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկորնը դատապարտել է իր քրոջ՝ արքայադուստր Ուբոլ Ռատանայի որոշումը, որը ուզում է պայքարել երկրի վարչապետի պաշտոնի համար։ Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, թագավորը հայտարարել է, որ թագավորական ընտանիքի անդամի մասնակցությունը քաղաքական ընտություններին հակասում է ազգային ավանդույթներին։
67-ամյա արքայադուստրը, համաձայն ներկայացված փաստաթղթերի, առաջադրվել է ընդդիմադիր «Թաիլանդական հայրենասերների կուսակցության» կողմից, որը կապված է նախկին վարչապետ Թաքսին Չիննավատի հետ։
Թաիլանդում ընտրությունները կայանալու են մարտի 24-ին։ Միջազգային հանրությունը հետևում է այդ գործընթացներին, քանի որ դրանք հնարավորություն կտան երկրին հինգ տարվա ռազմական կառավարումից հետո վերադառնալ ժողովրդավարության։
Երկրի գործող վարչապետ Պրայուտ Չան-Օչան նույնպես հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին, պայքարելու է վարչապետի աթոռի համար։ Նա իշխանության է եղել 2014 թ. ռազմական հեղաշրջման արդյունքում։
Ուբոլ Ռատանան 1972 թվականին հրաժարվել էր իր տիտղոսից, որպեսզի ամուսնանար ամերիկացու հետ։ Հարսանիքից հետո նա տեղափոխվել էր ԱՄՆ։ 1998 թվականին ամուսնուց բաժանվելուց հետո վերադարձել էր հայրենիք։ Արքայադուստրն ակտիվորեն օգտվում է սոցկայքերից, ԱՄՆ-ից վերադառնալուց հետո նկարահանվել է թաիլանդական մի քանի ֆիլմերում։
0Comments